«Անիծվածների կղզի». էքստրասենսները մեկնաբանել են «Վերջին հերոսը» հայտնի հեռուստաշոուի մասնակիցների մահը
Երգչուհի Յուլյա Նաչալովայի մահից անմիջապես հետո համացանցի ռուս օգտատերերի շրջանում սկսեցին ուշադրություն հրավիրել սարսափելի համընկնումների շղթայի վրա. երգչուհին «Վերջին հերոսը» (Последний герой) հայտնի հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի 4-րդ մասնակիցն էր, որոնք կյանքից անբացատրելիորեն վաղաժամ են հեռացել: Այս մասին գրում է Woman.ru-ն՝ նշելով, որ մեկնաբանելու խնդրանքով դիմել է փորձագետների և էքստրասենսների:
Յուլյա Նաչալովան, հիշեցնենք, մահացել է մարտի 16-ին 38 տարեկան հասակում: Նրա մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, սակայն մինչ այդ նա մոտ մեկ շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում և նույնիսկ վիրահատության է ենթարկվել:
Նույն եթերաշրջանի մասնակիցներից էր նաև Ժաննա Ֆրիսկեն, որը գլխուղեղի քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո մահացել է 2015-ին՝ 40 տարեկանում:
2018-ի հունվարին հայտնի էր դարձել «Վերջին հերոսը 4» եթերաշրջանի հաղթող, թիկնապահ Յանա Վոլկովայի մահվան մասին: Ինչպես նշվում է, 55-ամյա Յանայի մահվան պատճառն այդպես էլ չեն հայտնել՝ նշելով միայն, որ նա հիվանդ է եղել:
Այս տարվա փետրվարին 35 տարեկանում կյանքից հեռացել է հեռուստաշոուի նույն եթերաշրջանի մասնակից ռեփեր Դեցլը Իժևսկում համերգ տալուց հետո:
Ինչպես աղբյուրը նշում է, ցանկն այսքանով չի ավարտվում: Այլևս կենդանի չէ «Վերջին հերոսը» նախագծի հեղինակ և վարող Սերգեյ Սուպոնևը, որը 2001 թվականին մահացել է դժբախտ պատահարից՝ 39 տարեկանում: Շոուի առաջին վարող Սերգեյ Բոդրովը 30 տարեկանում մահացել է 2002 թվականին Կարմադոնի կիրճում տեղի ունեցած սառույցի հոսքի պատճառով:
Այսպես կոչված՝ «անիծյալ «Վերջին հերոսի»» անվան հետ հիշատակվում են նաև երաժիշտ Կրիս Կելմիի, դերասանուհի Վերա Գլագոլևայի, գրող Սերգեյ Սակինի անունները:
Փորձագետները նույնպես ուշադրություն են հրավիրում շոուի մասնակիցների կյանքից հեռանալու հանգամանքի և պայմանների վրա և նշում, որ դա կարող է կապված լինել շոուի անցկացման տեղանքի «բարկացած հոգիների» հետ: Նրանցից մեկն էլ մահվան դեպքը կապում է 4 թվի հետ, որը ճակատագրական է դարձել մասնակիցներից շատերի կյանքում:










