Իտալական «Լա Սկալա»-ն Ջամալ Խաշոգջիի սպանության սկանդալի ֆոնին Սաուդյան Արաբիային կվերադարձնի ավելի քան 3 մլն եվրոն

15:43 • 19.03.19

Իտալիայի Միլան քաղաքում գտնվող «Լա Սկալա» օպերային թատրոնը Սաուդյան Արաբիային կվերադարձնի մշակութային համագործակցության համատեղ ծրագրի շրջանակում արաբական երկրի մշակույթի նախարարության կողմից հատկացված ավելի քան 3 մլն եվրոն, հաղորդում է BBC-ն։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մարդու իրավունքների բազմաթիվ պաշտպաններ ու քաղաքական գործիչներ քննադատություններ են հնչեցրել համագործակցության ծրագրի վերաբերյալ։

Քննադատությունները հիմնականում ի հայտ էին եկել անցած տարվա հոկտեմբերին սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանությունից հետո, որը կարող է իրականացված լինել սաուդցի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի պատվերով։


«Մենք միաձայն որոշեցինք վերադարձնել գումարը»,- ասել է օպերային թատրոնի ղեկավար Ջուզեպպե Սալան, որը զբաղեցնում է նաև Միլանի քաղաքապետի պաշտոնը։


Սալան հայտնել է նաև, որ իրենք համագործակցության այլ հնարավորություններ կփնտրեն, իսկ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Պերեիրան, որը վարել է բանակցություններն արաբական կողմի հետ, պաշտոնից չի հեռացվի։

Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարության կողմից «Լա Սկալա»-ին տրամադրված 3 մլն եվրոն 15 մլն եվրոյանոց 5-ամյա համագործակցության ծրագրի մաս է կազմել։

Սաուդյան Արաբիան առայժմ չի մեկնաբանել իտալական կողմի որոշումը։

Իտալական «Լա Սկալա»-ն Ջամալ Խաշոգջիի սպանության սկանդալի ֆոնին Սաուդյան Արաբիային կվերադարձնի ավելի քան 3 մլն եվրոն