Էմիլիա Քլարկը պատմել է 24 տարեկանում տարած գլխուղեղի կաթվածի մասին
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենին մարմնավորած կերպարով, պատմել է 24 տարեկանում տարած գլխուղեղի կաթվածի մասին:
Ինչպես գրում է The New Yorker-ը, 2011 թվականին Քլարկը, պատրաստվելով հայտնի հեռուստասերիալի երկրորդ սեզոնի նկարահանումներին, սթրեսից ազատվելու և լավ մարզավիճակում գտնվելու համար պարապմունքներ է անցկացրել իր մարզչի հետ:
Մի անգամ մարզումներից առաջ դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է, նրա մոտ սուր գլխացավեր են սկսվել, ինչից հետո Քլարկին հոսպիտալացրել են:
Երիտասարդ դերասանուհու մոտ ենթաոստայնային արյունազեղում են ախտորոշել, ինչից հետո նա գլխուղեղի երկու վիրահատության է ենթարկվել: Ընդ որում՝ վիրահատությունների միջև ընկած ժամանակահատվածում Քլարկը շարունակել է մասնակցել ֆիլմի նկարահանումներին: Ի վերջո, դերասանուհուն հաջողվել է վերականգնվել ու ավարտին հասցնել նկարահանումները:










