Լոս Անջելեսում կկայանա «Հայկական կինոյի գիշեր», որի շրջանակում առաջին անգամ կցուցադրվի «Ապրիլյան պատերազմի հերոսները» ֆիլմը
Լոս Անջելեսի Հոլիվուդ Հիլզ թաղամասի Ֆորեսթ Լոուն հուշայգում ապրիլի 7-ին կկայանա «Հայկական կինոյի գիշեր» խորագրով անվճար մուտքով միջոցառումը, որի շրջանակում տեղի կունենա Ցվետանա Պասկալևայի «Ապրիլյան պատերազմի հերոսները» ֆիլմի բացառիկ պրեմիերան:
Ֆիլմը նվիրված է քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին: Այն երեսուն րոպեանոց է ու պատմում է ռազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար զոհած հայ զինվորների մասին:
Ինչպես նշում է massispost.com կայքը, պրեմիերայից հետո տեղի կունենա հարց ու պատասխան, որին կմասնակցեն ռեժիսորը և հուշայգու ներկայացուցիչ Հովսեփ Հաջիբեկյանը: Վերջինս նկատել է, որ «Հայկական կինոյի գիշեր» միջոցառումը հայկական ժառանգության մասին ևս մեկ անգամ խոսելու, դրանով հպարտանալու առիթ է:
«Մենք Ֆորեսթ Լոունում գիտենք՝ որքան կարևոր է հարգել ու հիշել մեր նախնիների համար ահռելի նշանակություն ունեցող մշակույթը: Այս միջոցառմամբ մենք կենդանի ենք պահում ավանդույթներն ու մարդկանց հրավիրում գալ և իմանալ հայկական մշակույթի կարևոր ասպեկտների մասին»,-ասել է հուշայգու մարքեթինգային գծով ավագ փոխնախագահ Ռոդոլֆո Սաենզը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պասկալևայի ֆիլմի ցուցադրությունից հետո հայ համայնքի գործընկերները կկազմակերպեն հայկական արվեստի գործերի, ձեռագործ իրերի ցուցահանդես, կմատուցվեն ավանդական հայկական թխվածքներ, կենդանի կատարմամբ կհնչի հայկական երաժշտություն:











