The Prodigy խմբի մենակատարին հուղարկավորել են երկրպագուների երգերի ներքո (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական հանրահայտ The Prodigy խմբի մենակատար Քիթ Ֆլինտի հուղարկավորությունը կայացել է ուրբաթ՝ Էսեքս կոմսության Բրեյնթրի քաղաքում: Հարյուրավոր երկրպագուների սրտաբուխ երգն ուղեկցել է սիրելի արտիստին: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Ավելի վաղ The Prodigy խմբի մյուս անդամներն իրենք էին հրավիրել երկրպագուներին՝ ներկա գտնվելու Ֆլինտի հուղարկավորությանը: Աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտի երկրպագուները ժամանել էին Մեծ Բրիտանիա, որպեսզի դրոշներով, երգերով ու երաժշտությամբ ճանապարհեն մենակատարին:
Բոկինգ քաղաքային շրջանում գտնվող Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դիմաց երկրպագուները ծաղիկներ են դրել՝ հարգելով Ֆլինտի հիշատակը: Հուղարկավորությանը հետևել է նաև Ֆլինտի շունը:
Սգո արարողությանը ներկա են գտնվել արտիստի ընտանիքի անդամներն ու ընկերները, սակայն մյուսների համար այն հասանելի է եղել բարձրախոսների օգնությամբ: Ֆլինտին հրաժեշտի խոսքեր են ուղղել խմբի անդամ Լեո Կրաբթրին և դերասան Փոլ Քեյը:
Հիշեցնենք, որ 49-ամյա Ֆլինտին մարտի սկզբին մահացած էին գտել Էսեքս կոմսությունում գտնվող իր տանը: Ավելի ուշ հաստատվել էր այն վարկածը, որ երաժիշտն ինքնասպանություն է գործել: Լուրը հաստատել էր նաև The Prodigy խմբի ստեղծող և մասնակից Լիեմ Հոուլեթը:















