450 մլն դոլար. Աբու Դաբիում անհետացել է Դա Վինչիի՝ աշխարհում ամենաթանկը համարվող կտավը
Ֆրանսիական հեղինակավոր Լուվր թանգարանի՝ Աբու Դաբիում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն՝ որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող «Սալվատորե Մունդի» կտավը, որը 2017թ. նոյեմբերին 450 մլն դոլար ռեկորդային գնով աճուրդում վաճառվելուց հետո 2018թ. սեպտեմբերին պետք է ցուցադրության հանվեր Աբու Դաբիում:
Ինչպես նշում է The New York Times-ը, թանգարանի տնօրենությունն առանց որևէ պատճառ ներկայացնելու անորոշ ժամանակով հետաձգել է ցուցադրությունը, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հրաժարվում է հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալ:
Մինչդեռ թանգարանի աշխատակիցներն անձի գաղտնիության պայմանով հայտնել են, որ իրենցից որևէ մեկը չգիտի՝ որտեղ կարող է լինել թանկարժեք կտավը:
Հատկանշական է, որ փարիզյան Լուվրը ևս չի կարողանում գտնել «Սալվատոե Մունդի»-ն, սակայն ֆրանսիական իշխանությունները լիահույս են, որ կտավը, այնուամենայնիվ, կհայտնաբերվի, ու իրենք հնարավորություն կունենան այն ցուցադրության հանել Դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում:
Հինգ հարյուր տարի առաջ նկարված կտավը հայտնաբերվել էր 2005թ.: Այն համարվում էր Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավը:
Նշվում է, որ «Սալվատոր Մունդի»-ն հանճարեղ իտալացու այն կտավներից մեկն է, որը հարյուրամյակներ շարունակ կորած է համարվել:
Ավելի վաղ Christie's աճուրդի տան ներկայացուցիչ Լյուկ Գուզերն ընդգծել էր, որ նման կտավն աճուրդի հանելը կյանքում ընդամենը մեկ անգամ ընձեռվող պատիվ է:
«Սալվատոր Մունդի» կտավում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Հեղինակն այն նկարել է հանրահայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նույն ժամանակահատվածում: Կտավը ստեղծվել է 1506-1513թթ. ընթացքում Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար:










