Միք Ջագերը սրտի փականի փոխարինման վիրահատություն կտանի. լրատվամիջոցներ

23:32 • 01.04.19

Անգլիացի ռոք-երաժիշտ, լեգենդար «Ռոլինգ Սթոունզ» խմբի հիմնադիրն ու մենակատար Միք Ջագերը սրտի փականի փոխարինման վիրահատության կենթարկվի, գրում է Drudge Report-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով:

Վիրահատությունը տեղի կունենա այս շաբաթ Նյու Յորքում: Ակնկալվում է, որ 75-ամյա երաժիշտը, որը ֆիզիկապես լավ մարզավիճակում է, լիովին կապաքինվի և արդեն ամռանը բեմ կվերադառնա:

Վիճակագրության համաձայն՝ այդ տեսակի վիրահատությունների հաջող ելքի հավանականությունը 95% է կազմում:

Մարտի վերջին լեգենդար խումբը հայտարարել էր ԱՄՆ-ում և Կանադայում շրջագայության հետաձգման մասին: Պատճառն այն էր, որ Ջագերը պետք է բուժում ստանա: Ինքը՝ երաժիշտը, ներողություն էր խնդրել երկրպագուներից և վստահեցրել, որ «շատ կաշխատի, որպեսզի հնարավորին չափ շուտ բեմ վերադառնա»:

1962թ.-ին ձևավորված «Ռոլինգ Սթոունզ» խումբն աշխարհում ամենահաջողակներից է: 1989թ.-ին խումբն ընդգրկվել է Ռոքնռոլլի փառքի սրահում:

Միք Ջագերը սրտի փականի փոխարինման վիրահատություն կտանի. լրատվամիջոցներ