Յուլյա Նաչալովայի ընտանիքը հավանություն չի տվել նրա մասին ֆիլմ նկարահանելու գաղափարին
Վերջերս կյանքից հեռացած ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի ծնողները հավանություն չեն տվել նրա մասին ֆիլմ նկարահանելու գաղափարին, քանի որ նրանք դստեր հիշատակը վառ պահելու վերաբերյալ սեփական պատկերացումներն ունեն, հայտնել է երգչուհու ներկայացուցիչ Աննա Իսաևան:
«Պարզվում է՝ Յուլյայի մասին պատմող ֆիլմի նկարահանման վերաբերյալ «պաշտոնական» տեղեկություն է տարածվել, և անգամ նկարահանվել է ֆիլմի եզրափակիչ դրվագը: Ես միայն մի բան կարող եմ ասել. ծնողներն իրենց դստեր անունը կամ կյանքի հանգամանքներն այդ ֆիլմում օգտագործելու իրավունք չեն տվել: Նման առաջարկով մեկ զանգ է եղել, սակայն մենք ո՛չ դրան և ո՛չ էլ հիշատակի համերգին հավանություն չենք տվել»,- գրել է Իսաևան ինստագրամյան իր էջում:
Նա ընդգծել է, որ երգչուհու մտերիմները «դրա վերաբերյալ սեփական պատկերացումներն ունեն», և կոչ է արել հարգել Նաչալովայի հիշատակը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ռեժիսոր Նատալյա Ֆիլատովան ծրագրում է Նաչալովայի կյանքի իրադարձությունների հիման վրա գեղարվեստական ֆիլմ նկարահանել:
Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան մահացել է մարտի 16-ին՝ կյանքի 39-րդ տարում:










