Christie's աճուրդի տունը հայտնել է, թե որտեղ է գտնվում Դա Վինչիի վրձնին պատկանող՝ աշխարհի ամենաթանկարժեք կտավը
Բրիտանական Christie's աճուրդի տունը հայտնել է, որ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որն իբրև թե անհետացել էր ֆրանսիական Լուվր թանգարանի՝ Աբու Դաբիում գտնվող մասնաճյուղից, «փոխանցվել է նոր տերերին՝ համապատասխան փորձագետների վերահսկմամբ»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ կտավը գնվել է 2017-ին կայացած աճուրդի ժամանակ:
Դա Վինչիի վրձնին պատկանող հանրահայտ կտավը երկար ժամանակ կորած էր համարվում: 2017-ին այն 450 մլն դոլարով վաճառվել է մասնավոր հավաքորդի՝ դառնալով պատմության ամենաթանկարժեք արվեստի գործը: New York Times-ի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամմեդ բեն Ֆարհան ալ Սաուդը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ֆրանսիական թանգարանի՝ Աբու Դաբիի մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում հանրահայտ կտավը: Նշվում էր, որ 2018-ի սեպտեմբերին թանգարանի մասնաճյուղը չեղարկել էր կտավի նախատեսված ցուցադրությունը՝ «առանց պատճառների մեկնաբանման»:










