Հոնկոնգի ամենահարուստ մարդը 380 մլն դոլար արժողությամբ բուդդայական արվեստի թանգարան է բացել
Հոնկոնգի ամենահարուստ մարդը բուդդայական արվեստի բազմամիլիոնանոց թանգարան է բացել վանական համալիրի տարածքում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, գործարար, մեծահարուստ Լի Կա-շինգը բարեգործությամբ է զբաղվել տարիներ շարունակ և միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել համալսարաններին և հիվանդանոցներին Արևելյան Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի տարածքում:
Այժմ 90-ամյա գործարարը, որի կարողությունը Forbes-ի տվյալներով կազմում է 33,4 մլրդ դոլար, իր ուշադրությունը դարձրել է դեպի արվեստը՝ թանգարան բացելով հոնկոնգյան վանական համալիրներից մեկում:
Թանգարանը, որը գնահատվում է 382 մլն ամերիկյան դոլար, գտնվում է ողորմածության Գուանին աստվածուհու հսկայական բրոնզե քանդակի ստորոտին: Մոտակա վանքը նույնպես կառուցվել է գործարարի աջակցությամբ:
Թանգարանի ցուցանմուշների շարքում տեղ է գտել Բուդդայի 100 արձան: Թանգարանի մուտքն ազատ է: Պաշտոնական բացումը կկայանա մայիսի 1-ին:










