Մշակույթի նախարարությունից արդեն իրավաբանական եզրակացություն ստացել ենք, «Տատիկիս վարսեր»-ի ֆինանսավորման հայտը մերժվել է ապօրինաբար. ռեժիսոր

22:37 • 04.04.19

Հայկական, գերմանական և բուլղարական արտադրության «Տատիկիս վարսերը» ֆիլմի աշխատանքները շարունակվում են: Այս պահին կատարվում է դերասանների ընտրություն: Այս մասին Tert.am-ին հայտնեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը: «Մենք մեր աշխատանքները շարունակում ենք այն գումարներով, որոնք կարողացել ենք հայթայթել աջակիցների, գործընկերների օգնությամբ»,-ասաց նա:

Ռեժիսորի խոսքով՝ Մշակույթի նախարարությունից արդեն իրավաբանական եզրակացություն ստացել են այն մասին, որ «Տատիկիս վարսեր»-ի ֆինանսավորման հայտը մերժվել է ապօրինաբար, անօրինական հիմունքներով. «Հայաստանի ազգային կինոկենտրոնն ընդունել է իր սխալը, բայց ասում են՝ թող լինի դատարանի որոշում, նոր կկարողանանք այդ գումարները փոխհատուցել»:

Ըստ Հովհաննես Գալստյանի՝ նախարարության այս եզրակացությունից հետո դատական գործընթացը շատ կարճ է տևելու, եթե Ազգային կինոկենտրոնը միտումնավոր չերկարաձգի այն՝ ֆիլմին որքան հնարավոր է շատ վնասելու համար: Ռեժիսորը նշեց, որ դատական գործընթացի ձգձգումների հետևանքով տույժերն ավելի շատ կլինեն, որոնք պետք է փոխհատուցի հայկական կողմը.

«ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկումներ ենք ունեցել, ասում է՝ մեզ նույնպես ձեռնտու է, որ առանց դատական պրոցեսների այս հարցը կարգավորենք, որովհետև դատը պարտվելու դեպքում ֆինանսական փոխհատուցումն ավելի ծանր է լինելու. և՛ ֆիլմի երաշխավորված գումարն են տալու, և՛ մեր ու մեր գործընկերների կրած վնասները»:

Հովհաննես Գալստյանը կարծում է, որ այս ամենի պատճառն այն է, որ մշակույթի ոլորտի պատասխանատուները երկարաժամկետ մտածելակերպ չունեն. «Բոլորը ԺՊ-ներ են, այսօր կան, վաղը չկան այդ պաշտոնում: Իրենց անձնական քենն են պարպում»:

Դիտարկմանը, թե գուցե կինոյի մասին օրենքի բացակայությունն է առաջացրել նման իրավիճակ, ռեժիսորն ասաց՝ այդպես չի կարծում. «Այս ամենը կինոյի պետական մոդելի կառուցվածքի հետևանքն է, որովհետև կան երկրներ, որտեղ առանց կինոյի մասին պետական օրենքի էլ շատ լավ կինեմատոգրաֆիա է զարգանում, այդ թվում՝ պետական աջակցության շնորհիվ: Օրենքի բացակայությունը, այո, խոչընդոտ է, բայց օրենքի առկայությամբ խոչընդոտը չի կարգավորվի, մինչև կառուցվածքային փոփոխություններ չլինեն»:

Ռեժիսորը նշեց, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում և՛ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, և՛ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի ներկայացնեն կինեմատոգրաֆի պետական կառավարման միջազգային փորձը՝ ինչպես պետությունը պետք է աջակցի կինեմատոգրաֆին, որ ոլորտը զարգանա ավելի էֆեկտիվ.

«Այս չարաբաստիկ ՊՈԱԿ-ներից պետք է ազատվել, որոնք ահռելի գումարներ են խժռում, ահռելի աշխատակազմ ունեն, բայց՝ 0 պատասխանատվություն, 0 էֆեկտ: Արվեստի վարչարարությունից պետք է գնալ նորմալ արտադրության, իսկ կինոյի օրենքն էլ կգա դա հաստատելու, դրան օգնելու: Եթե պետք է կինոյի մասին օրենք ընդունեն ու հերթական անգրագետ օրենքը լինի, ու դրանից ոչ մեկը չօգտվի, ընդամենը հավելյալ պրոբլեմներ կստեղծվեն, ոչ մի բան չի փոխի»:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից հացադուլ էր հայտարարել Ազգային ժողովի այգում՝ Ազգային կինոկենտրոնի կողմից իր «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական համատեղ կինոնախագծի շուրջ ստեղծված խնդիրների պատճառով: 21 օրվա հացադուլից հետո, հանդիպելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ռեժիսորը դադարեցրել էր հացադուլը:


Քրիստինա Բոյաջյան

Մշակույթի նախարարությունից արդեն իրավաբանական եզրակացություն ստացել ենք, «Տատիկիս վարսեր»-ի ֆինանսավորման հայտը մերժվել է ապօրինաբար. ռեժիսոր