Գլենդեյլում տեղի կունենա ամերիկահայ գրող Մեթյու Քարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի Գլենդեյլ հայաշատ քաղաքում ապրիլի 9-ին Abril գրախանութում տեղի կունենա ամերիկահայ գրող Մեթյու Քարանյանի «Հայկական բարձրավանդակ» գրքի շնորհանդեսը, հաղորդում է asbarez.com-ը:
Գիրքը հայերի բնօրրանի՝ Արևմտյան Հայաստանի պատմական նկարազարդ ուղեցույց է: Ավելի քան 300 էջանոց հատորյակը յուրօրինակ դիտանկյունից է ներկայացնում հայերի անցյալը Անիում, Կարսում և ընդհանուր առմամբ Արևմտյան Հայաստանում՝ ժամանակակից Հայաստանի սահմաններից դուրս տարածքներում:
Գրքում տեղ են գտել ավելի քան 200 հին և նոր լուսանկարներ, պատմական քարտեզներ և պատմություններ:
Մեթյու Քարանյանը ամերիկահայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է, բնակվում է Փասադենա քաղաքում: Հեղինակի կոմից Հայաստանի վերաբերյալ արդեն մի քանի գիրք է լույս ընծայվել:
Գիրքը կներկայացվի նաև Ֆրեզնո քաղաքի Կալիֆոռնիայի պետական համալսարանում: ԱՄՆ-ում գրքի ներկայացման ամբողջական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:











