Եթե Օպերայի թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարվի, ես պատրաստ եմ դնել իմ թեկնածությունը և ստանձնել այդ պաշտոնը. Արմեն Սարգսյան

20:09 • 08.04.19

Եթե Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարվի, ես պատրաստ եմ դնել իմ թեկնածությունը և ստանձնել այդ պաշտոնը, որովհետև տեղյակ եմ Օպերայի թատրոնի խնդիրներից և անձնակազմի գրեթե մեծ մասի հետ ընկերական հարաբերություն ունեմ: Բայց հնարավոր է՝ այնպիսի թեկնածու առաջադրվի, որի թեկնածությունը ես ինքս սատարեմ:

«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը: Կոնստանտին Օրբելյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, հիշեցնենք, այդ պաշտոնի հավակնորդների ցանկում շրջանառվում էր նաև Արմեն Սարգսյանի անունը:

Ըստ նրա՝ Մշակույթի նախարարության կողմից գրագետ մոտեցում չի եղել հարցին: Կարծում է՝ նախարարի պաշտոնակատարը պետք է Օրբելյանի հետ նստեր մի սեղանի շուրջ և ասեր՝ իրեն ոչ ոք աշխատանքից չի ցանկանում հեռացնել. «Այս հարցը չպետք է հասներ վարչապետին: Այս ամենը պետք է աներ նախարարությունը»:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը կարծում է, որ պետք է այս հարցը կարգավորող օրենքում փոփոխություններ իրականացնել, որի համաձայն, թատրոնը կղեկավարի գեղարվեստական ղեկավարը, իսկ տնօրենը կլինի պարզապես մենեջեր, որը կզբաղվի վարչական հարցերով. «Սխալ մոտեցում է, որ գեղարվեստական ղեկավարի վերադասը լինում է թատրոնի տնօրենը, ով ցանկության դեպքում կարող է ազատել գեղարվեստական ղեկավարին»:

Հարցին, թե վերջերս Արմեն Սարգսյանը հաճախ է լինում Օպերային թատրոնում, արդյոք կան ներքին հանդիպումներ, Սարգսյանը պատասխանեց, որ 10 տարի է՝ մշակութային գործունեություն է ծավալում և վերջերս էլ գործի բերումով է լինում թատրոնում:

Եթե Օպերայի թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ հայտարարվի, ես պատրաստ եմ դնել իմ թեկնածությունը և ստանձնել այդ պաշտոնը. Արմեն Սարգսյան