Իտալացի գիտնականներն ապացուցել են, որ Դա Վինչին ամբիդեկստր է եղել
Ֆլորենցիայում Ուֆիցիի պատկերասրահին կից ռեստավրացիայի ինստիտուտի մասնագետներն ապացույցներ են գտել այն պնդման վերաբերյալ, որ Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին, ամբիդեկստր է եղել, այսինքն՝ հավասարապես կարողացել է աշխատել և՛ աջ, և՛ ձախ ձեռքով:
Ինչպես նշում է ria.ru-ն, նախքան այս եզրահանգմանը գալը մասնագետները շաբաթներ շարունակ ուսումնասիրել են իտալացի վարպետի առաջին աշխատանքներից մեկը համարվող բնապատկերը, որում պատկերված են Առնո գետի ափը, Մոնտելուպո դղյակը:
Բնապատկերի վրա նշված է 1473թ. օգոստոսի 5, ինչը նշանակում է, որ այն ստեղծելու պահին «Մոնա Լիզա»-ի և «Խորհրդավոր ընթրիք»-ի ապագա հեղինակն ընդամենը 21 տարեկան է եղել:
Մասնագետներն իրականացրել են բնապատկերի, ինչպես նաև դրա հակառակ կողմում նկարված պատկերի խոր գիտական և տեխնոլոգիական վերլուծություն:
Ուֆիցիի պատկերասրահի տնօրեն Էյկե Շմիդտն այս բացահայտումը «Լեոնարդոյի արվեստի ուսումնասիրման ոլորտում իսկական հեղափոխություն է անվանել»:
Ըստ Շմիդտի՝ մասնագետները շատ բան են բացահայտել նրա տեխնիկայի, սովորությունների, գրելու կարողությունների, ինչպես նաև նրա վերաբերյալ, թե նկարիչն ինչպես է «կառուցել բնապատկերը»:
Ուշագրավ հայտնագործությունն արվել է Դա Վինչի մահվան 500-րդ տարելիցի նախաշեմին: Իտալացի հանճարի մահվան տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկելու են մայիսին՝ ամբողջ Եվրոպայով մեկ:













