Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլի» ժամանակ
Մադոննան ելույթ կունենա Թել Ավիվում մայիսի 18-ին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլում և երկու երգ կկատարի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ դա հաստատել է Kan հանրային հեռարձակման իսրայելական ընկերությունը, որը պատասխանատու է մրցույթի անցկացման համար:
Նշվում է, որ ամերիկացի երգչուհու ելույթի համար վճարելու է իսրայելա-կանադացի միլիարդատեր Սիլվան Ադամսը: Թերթերից մեկի հաղորդմամբ՝ դա կարժենա 1,3 մլն դոլար: Կազմակերպիչները տեղեկացրել են, որ Մադոննան Թել Ավիվ կժամանի 65 հոգանոց թիմով:
Նա արդեն մի քանի անգամ ելույթ ունեցել է Իսրայելում: Վերջին անգամ դա եղել է 2012-ին: «Ուրախ եմ և հպարտ, որ Մադոննային բերում եմ Իսրայել՝ հանդես գալու «Եվրատեսիլ-2019»-ում: Նրա ելույթը մրցույթում տասնյակ պրոֆեսիոնալ պարողների մասնակցությամբ մեծ ներդրում կունենա միջոցառման հաջողության և աշխարհում Իսրայելի դրական կերպարի ամրապնդման գործում»,- ասել է միլիարդատերը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 14-ին և 16-ին: Հայաստանը երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուհի Սարգսյանը:










