ՀՀ-ն՝ որպես լիիրավ անդամ, Բոլիվիայի մայրաքաղաքում մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 2-րդ նախարարական համաժողովին. Մատենադարանի տնօրեն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս են վերադարձել Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասից, որտեղ մասնակցել են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 2-րդ նախարարական համաժողովին: Ըստ նրա՝ ֆորումի անդամ պետությունների թիվը 9-ն է՝ Բոլիվիա, Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Իրաք, Իտալիա, Պերու: Անդամ պետությունների համաձայնությամբ Հայաստանն անցյալ տարի դարձել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ։
Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ սա համազգային համապետական նշանակության իրադարձություն է: Ըստ նրա՝ կառույցը ստեղծվել է երեք տարի առաջ Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, և երկու տարին մեկ կազմակերպվում են միջազգային հանդիպումներ, մասնակցում են ԱԳ նախարարության աշխատակիցները, որից վեց ամիս հետո կազմակերպվում է ակադեմիական ֆորում, որտեղ բացի դիվանագետներից, մասնակցում են նաև հնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ և այլն:
Ֆորումն առաջին անգամ տեղի է ունեցել Աթենքում, երկրորդը՝ Լա Պասում, և հաջորդը նախատեսվում է անցկացնել Չինաստանում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինի ՀՀ-ում:
Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն ասաց, որ ֆորումը նպատակ ունի առաջին հերթին ոչ նյութական ժառանգության պահպանման, փոխանակման և այլնի համար, բացի այդ, հաշվի է առնվում, որ մշակույթը նպաստում է քաղաքականությանը և վերջնական նպատակը փափուկ ուժի՝ soft power-ի մասին է, երբ երկրի մշակութային, լեզվական ազդեցության նպաստումը տարածվում է երկրի քաղաքակրթությանը:
Թե ինչ սկզբունքով են պետություններն ընտրվում, Տեր-Ղևոնդյանը նշեց, որ սկզբունքը մեկն է. հնագույն քաղաքակրթություն ունենան, առնվազն 2000 տարվա քաղաքակրթություններ ունեցող երկրներ են հավաքված: Ըստ նրա՝ կարող է հարց առաջանալ, թե ինչու Սիրիան, Լիբանանը չկան: Նա նշեց, որ հավանաբար չեն ընդգրկել քաղաքական ցնցումներից խուսափելու համար, իսկ Հնդկաստանը և Մեքսիկան դիտորդի կարգավիճակ ունեն, գուցեև հետո դառնան լիիրավ անդամ:
Բացի այդ, Մատենադարանի տնօրենը սեփական դիտարկումներն ուներ, թեև, ըստ նրա՝ դրա մասին չեն բարձրաձայնում: Նա ենթադրում է, որ պատճառներից մեկը «Յունեսկոյի» համահարթեցման մոտեցումն է, որ բոլորին հավասար չափեն, անկախ նրանից՝ ինչքանով է հին երկիրը: «Այդտեղ մտածում են՝ այնպես անենք, որ երբ Հունաստանն ու Իտալիան մասնակցում են, Մոզամբիկն ու Բոսնիան չնեղանան»:










