ԱՄՆ-ում մեկնարկել է «Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրությունը
Ամերիկյան HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ի երեկոյան սկսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրությունը, հայտնում է korrespondent.net-ը:
Այն կարող են դիտել HBO Now-ի և HBO Go-ի բաժանորդները, ինչպես նաև այն հարթակների օգտատերերը, որոնց հետ համագործակցում է հեռուստաալիքը:
Հայտնի է, որ վերջին եթերաշրջանը, ի տարբերություն նախորդների, ավելի կարճ է ու բաղկացած է վեց մասից: Սերիաները ցուցադրվելու են շաբաթական մեկ անգամ՝ ամեն կիրակի: Վերջին մասը ցուցադրվելու է մայիսի 19-ին:
Հիշեցնենք, որ ամերիկացի գրող Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» վեպի հիման վրա նկարահանված սերիալը բազմաթիվ մրցանակների է արժանացել և հանրահայտ դարձել ամբողջ աշխարհում:
Նշվում է, որ վերջին՝ ութերորդ եթերաշրջանը նկարահանվել է ոչ թե պատրաստի վեպի, այլ Մարթինի սևագրերի և սյուժետային նկարազարդումների հիման վրա: «Գահերի խաղը» ցուցադրվում է 2011 թվականից:
Հավելենք, որ հեռուստասերիալի տարբեր եթերաշրջանների յուրաքանչյուր սերիայի բյուջեն տատանվում է 5-10 մլն դոլարի միջև: Առաջին եթերաշրջանի բյուջեն գնահատվել է 50-60 մլն դոլար: Երկրորդում 15 տոկոսով աճել է: 2012-2015 թվականներին միջինը մեկ սերիայի բյուջեն կազմել է 6-8 մլն դոլար: Վեցերորդ եթերաշրջանի բյուջեն կազմել է ընդհանուր առմամբ 100 մլն դոլար, իսկ յոթերորդինը` շուրջ 70 մլն դոլար: Հայտնի է, որ 90 մլն դոլար է նախատեսված ութերորդ եթերաշրջանի համար:










