Իտալիայում հարբած մեքենավարների պատճառով գնացքի մեկնումը չեղարկվել է
Իտալիայում Բրեշա քաղաքից Նեապոլ մեկնող արագընթաց գնացքի 2 մեքենավարներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինչի պատճառով գնացքի մեկնումը չեղարկվել է, գրում է ilgiorno.it-ը:
Գնացքի ուղեկցորդներից մեկը նկատել է, որ մեքենավարներն ալկոհոլի ազդեցության տակ են, և զանգահարել է Trenitalia կազմակերպության թեժ գիծ, որին պատկանել է գնացքը:
Գնացքի 35-ամյա մեքենավարը հայտնել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին, որ իր երիտասարդ գործընկերոջ հետ նախորդ երեկոյան ընթրիքի ժամանակ «չափն անցել» է և չի հասցրել մինչև գնացքի մեկնումը սթափվել, ինչը նախատեսված է եղել վաղ առավոտյան՝ 05:20-ի սահմաններում:
Մեքենավարը մտել է գնացքավարի խցիկ, միացրել համակարգը, սակայն դռները չի բացել, ինչի հետևանքով գնացքի 67 ուղևորները չեն կարողացել վագոններ բարձրանալ:
Հաղորդվում է, որ երկրորդ՝ 23-ամյա մեքենավարը հարբածության պատճառով ի վիճակի չի եղել հյուրանոցից դուրս գալու: Նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել:
Գնացքի ուղևորներին տեղավորել են մեկ այլ գնացքում, որը նրանց տեղափոխել է մոտակա Միլան քաղաք, այնտեղից էլ՝ Նեապոլ:
Գնացքի ընկերությունը հայտնել է, որ նման դեպք առաջին անգամ է գրանցվում: Դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են դատախազություն, որտեղ նրանց դեմ մեղադրանք կառաջադրվի:










