Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ

17:53 • 29.04.19

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ապրիլի 29-ին հանդիպել է «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման շրջանակում քննարկվեց դիմակայունության բնագավառում բնակչության տեղեկացվածության և կարողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀԿ-ի հետ համագործակցությունը:

Նախաձեռնող խմբի անդամ, բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը ներկայացրել է առաքելության իմաստը, այն է՝ պատրաստել ուսուցողական բնույթի տեսահոլովակներ, բնակչության լայն շերտերին իրազեկել աղետների կանխարգելման հնարավոր տարբերակները՝ մասնակից դարձնելով ԱԻՆ մասնագետներին:

Արմինե Պետրոսյանն առաջարկել է կապող կամուրջ լինել ուսուցման կարիք ունեցող մարդկանց և ուսուցանող ԱԻՆ կառույցների միջև:

Նախարար Ցոլակյանը կարևորել է «Դիմակայուն» խմբի նախաձեռնությունը՝ խոստանալով ցուցաբերել գործուն աջակցություն, ներգրավել ԱԻՆ մասնագետներին:

Որպես ոլորտին վերաբերող նախաձեռնություն, նախարարը տեղեկացրել է, որ Երևանի մի շարք դպրոցներում կփորձարկվի քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության պիլոտային ծրագիր, որը կիրականացնեն ԱԻՆ պատասխանատուները: