Շրի Լանկայի իշխանությունները կրկին պարետային ժամ են սահմանել մի շարք քաղաքներում

18:23 • 29.04.19

Շրի Լանկայի իշխանությունները կրկին պարետային ժամ են սահմանել երկրի արևելյան Կալմունայ, Չավալակադե և Սամանտուրայ քաղաքներում, որտեղ անցյալ շաբաթվա վերջում մի քանի պայթյուններ էին որոտացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստիկանի խոսքով՝ պարետային ժամը կշարունակվի մինչև երեքշաբթի առավոտյան: Առաջին անգամ պարետային ժամ կղզում սահմանվել է ապրիլի 21-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրում դեռ պահպանվում է ահաբեկչական հարձակումների վտանգը:  

Հիշեցնենք, որ Զատկի օրը մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում և այլ կառույցներում, ինչի հետևանքով 250-260 մարդ է մահացել: Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Շրի Լանկայի ԱԳՆ-ն թարմացրել է ապրիլի 21-ին տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհված արտասահմանցիների ցանկը, որոնց թիվը կազմում է 42: