Հայաստանում այսօր մամուլը շատ մեծ խնդիրներ ունի, մեծ է մամուլին լռեցնելու, ավելի իշխանամետ դարձնելու գայթակղությունը. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

20:07 • 03.05.19

Շատ մեծ է գայթակղությունը մամուլին լռեցնելու, իշխանություններին հավասարակշռող մարմինն ավելի իշխանամետ, ձեռնասուն դարձնելու: Այս մասին մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը, Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Այսօր մամուլը Հայաստանում ունի շատ մեծ խնդիրներ, ավելի շատ նույնիսկ պոտենցիալ խնդիրներ, այսինքն՝ խնդիրներ, որոնք կարող են ցանկացած պահի դուրս պրծնել: Նկատի ունեմ այն, որ ընդհանրապես Հայաստանում ցանկացած համակարգ՝ անվտանգությունից, տնտեսությունից սկսած մինչև մամուլ, բավականաչափ փուխր է: Մենք չունենք ինստիտուցիոնալ և օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ, որպեսզի համարենք, որ այս համակարգերը կայուն են և կայացած: Այս պատճառով անգամ շատ փոփոխությունը կարող է բերել մեծ կատակլիզմների»,- նշեց նա:

Հեղափոխությունից հետո, ըստ Աղասի Ենոքյանի, և՛ իշխանության, և՛ մնացած քաղաքական ուժերի, և՛ հասարակության ուշադրությունը մամուլի նկատմամբ բավականին մեծացել է.  «Պատճառն այն է, որ մենք չունենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, և իշխանություններին հավասարակշռելու ֆունկցիան ուզած-չուզած իր վրա վերցրել է մամուլը»:

«Իշխանությունները ժամանակ առ ժամանակ ցանկություն են հնչեցնում կեղծ լուրերի դեմ պայքարելու ոչ օրենսդրական մեխանիզմներով: Ժամանակ առ ժամանակ ասում են, որ պետք է այս ամեն ինչի դեմն առնել, բայց դեմն առնելու խնդիր չկա, մենք ունենք օրենսդրական բազա, դրանով թող գնան առաջ»,- ասաց Աղասի Ենոքյանը:



Քաղաքագետը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդման հետ, որ Հայաստանում մամուլն այսօր ազատ է, քան երբևէ: Նրա կարծիքով՝ իշխանությունները գնահատական չպետք է տան մամուլի ազատության վերաբերյալ: Մամուլի ազատությունը պետք է գնահատեն առաջին հերթին ընթերցողները, հեռուստադիտողները, և միգուցե նաև լրագրողները:

«Իշխանությունները բնականաբար պետք է ասեն, որ մամուլն ազատ է, այլ բան չեն կարող ասել և իշխանությունները բնականաբար պարտականություն ունեն նպաստելու, որպեսզի մամուլը լինի հնարավորինս ազատ: Դա իրենց սահմանադրական պարտականությունն է»,- նշեց նա:

Աղասի Ենոքյանի խոսքով՝ կան օդում պտտվող լուրեր, որ ստեղծվել են «ֆեյքերի» ֆաբրիկաներ, որոնք փորձում են արտադրել հասարակական ճնշման միջոցները. «Սոցիալական ցանցերում մամուլի հրապարակումների տակ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները, իհարկե, ճնշում է մամուլի վրա, լուրջ ճնշում է, որի դեմ պայքարելը բավականին բարդ է լինելու»:

Անդրադառնալով պաշտոնյաների կողմից ֆեյսբուքյան էջերով պաշտոնական տեղեկություն տրամադրելու խնդրին՝ Աղասի Ենոքյանը նշեց, որ այստեղ օրենսդրական խնդիր կա:

«Պաշտոնյան պարտավոր է պաշտոնական հաղորդագրությունը տալ պաշտոնական ձևով՝ մամուլի խոսնակի միջոցով, կայքով: Չեմ կարծում, որ ֆեյսբուքյան հաղորդումը կարող ենք համարել պաշտոնական լրատվություն: Մյուս կողմից մրցակցություն է առաջանում «Ֆեյսբուքի» և մամուլի միջև՝ նվազեցնելով մամուլի դերը և ավելի բարձրացնելով սոցցանցերի դերը»,- ընդգծեց քաղաքագետը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը պատգամավորները վերջին ամիսներին օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակման հարցով: Աղասի Ենոքյանը նշում է, որ բուքմեյքերների գովազդի արգելմանը վերաբերող օրենսդրական նախագծերն ուղղված են խաղամոլության դեմ, բայց մյուս կողմից սա իր ազդեցությունը կունենա մամուլի վրա, քանի որ բավականին շատ գովազդներ կայքերին տրամադրում են հենց բուքմեյքերական ընկերությունները:

«Սա քաղաքականություն է, այն միշտ երկսայր գործիք է, որտեղ քաղաքական որոշում ասվածն այն է, թե մենք ինչի վրա ենք դնում առաջնահերթությունը՝ մամուլի անկախությա՞ն, նրա ինքնաֆինանսավորման հնարավորությունների՞, թե՞ մենք ուզում ենք բուքմեյքերական գործունեության դեմն առնել: Մի փոքր հետևելով այս ամենին՝ հակված եմ մտածել, որ սա ավելի շատ մամուլի դեմ է ուղղված, որովհետև այսկերպ բուքմեյքերական գործունեության դեմը լրջորեն չեն առնում»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Նրա կանխատեսմամբ՝ մամուլին առաջիկայում սպասվում է շատ լարված աշխատանք, որին դիմակայելու համար անհրաժեշտ է մամուլի ներկայացուցիչների միասնականությունը՝ մամուլի հանդեպ որևէ ոտնձգությանը միաժամանակ պատասխանելու համար: