Արաբկիրի համայնքապետարանի աշխատակիցները վրդովված են ղեկավարի քայլերից. նա պարզաբանում է՝ ընկալման խնդիր կա (տեսանյութ)

22:36 • 03.05.19

Երևանի Արաբկիր վարչական շրջանի համայնքապետարանի աշխատակիցները ստորագրահավաք են իրականացնում. պահանջում են վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հրաժարականը:

Համայնքապետարանի աշխատակիցները, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ զրուցել, Tert.am-ին պատմեցին, որ Արամ Դանիելյանը «պարբերաբար ու անիմաստ նկատողություններ է անում աշխատակիցներին ու ստիպում անընդհատ բացատրագրեր ներկայացնել նույնիսկ այն դեպքում, երբ բացակայում են մի քանի րոպեով»:

«Չկա ո՛չ մարդկային, ո՛չ ընկերական վերաբերմունք: Մեզ անհրաժեշտ է այնպիսի ղեկավար, որը մտածում է իր աշխատակցի մասին, այլ ոչ մեկը, ով անընդհատ ասում է՝ սա էսպես արեք ու այդ ամենը թուղթ ու գրիչով: Մենք անձի դեմ չենք պայքարում, մեր խնդիրը վերաբերմունքն է»,-ասացին աշխատակիցները: 

Վերջիններիս անհանգստացնում է նաև այն, որ վարչական շրջանի ղեկավարը փորձում է մրցակցություն առաջացնել աշխատակիցների միջև. «Ինչ եկել է, պառակտում է մտցրել կոլեկտիվում, մրցակցություն է ուզում մտցնել: Ասում է տեսուչին՝ էսպես շարունակի, որ տոկոսներ ունենաս, բայց ինքը պետք է այնպես անի, որ ոչ թե տոկոսների համար մարդն աշխատի, այլ մեծ հաճույքով»:

Աշխատակիցները նաև նշում են՝ քաղաքապետի՝ եռամսյակը մեկ համայնքապետարանի բոլոր աշխատակիցներին աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճարներ տրամադրելու մասին հանձնարականի փոխարեն վարչական շրջանի ղեկավարը պարգևավճարների սուբյեկտիվ բաշխում է կատարել.

«Դանիելյանը բաժնի պետերին հանձնարարել է գնահատել աշխատակիցների աշխատանքն ու տոկոսային հարաբերությամբ տարբերակված պարգևավճարներ գրել, բայց բաժնի պետերն ասել են՝ մենք վատ աշխատող չունենք: Դրանից հետո ինքը վերցրել, իր հայեցողությամբ պարգևավճարներ է գրել: Այստեղ հարցը վերաբերմունքն է, այլ ոչ այդ 30-40 հազար դրամը: Մարդն իր գործը շատ լավ անում է, բայց վերջում առանց մարդուն ճանաչելու, առանց իմանալու իր աշխատանքը, ինքը կամայական այդ մարդու պարգևավճարը նշանակում է 50, 30 տոկոս:

Ինչի՞ համար: Բոլոր վարչական շրջանների աշխատակիցները ստացել են 100 տոկոսով պարգևավճարներ, մենակ մենք ենք, որ տարբերակված ենք ստացել: 100 տոկոս պարգևավճար ստացողն էլ է բողոքում, այստեղ խնդիրը գումարը չէ: Երբ դու մարդուն չես ճանաչում, չես կարող նման կերպ վարվել, դու պետք է խորապես ճանաչես նրա աշխատանքը»:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը կապ հաստատեց նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հետ: Վերջինս նշեց, որ մամուլից է իմացել համայնքապետարանի աշխատակիցների ստորագրահավաքի մասին:

Ինչ վերաբերում է աշխատակիցների այն պնդմանը, որ ստիպված են անընդհատ «անիմաստ բացատրագրեր» գրել, վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ բացատրագիր գրելն օրենքում նախատեսված գործընթաց է այն դեպքերում, երբ կան թերացումներ. «Թերացումների պարագայում օրինական ճանապարհն այն է, որ աշխատակիցը պետք է դրա վերաբերյալ նախ իր մեկնաբանությունը տա, որը գրավոր տարբերակում դառնում է բացատրագիր: Այն ուսումնասիրելուց հետո հասկանում ես՝ որքանով էր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ թերացման պատճառը»:

Ասում է՝ շատ լավ հասկանում է, որ որպես նոր ղեկավար ունի աշխատակիցների կողմից ընկալման խնդիր, վերջիններս պետք է իր մոտեցումները դիտարկեն ու փորձեն հասկանալ՝ դրանք սուբյեկտիվ են, թե իրենց սովորությունների շրջանակից դուրս մոտեցումներ են.

«Ես պատասխանատու եմ ինձ զգում համայնքի բնակիչների համար, և եթե աշխատակիցները որոշակի թերացումներ են ունենում, իսկ մենք հանրային միջոցներով ենք վարձատրվում, չեմ կարող պարզապես թերացումներ թույլ տված աշխատակիցների նկատմամբ «լավամարդ լինել», այսինքն՝ այդ հեշտ տարբերակը ընտրելով՝ խուսափել համայնքի բնակիչների նկատմամբ պատասխանատվությունից»:

Անդրադառնալով պարգևավճարների հարցին՝ Արաբկիրի համայնքապետը նշեց՝ պարգևավճարը աշխատակցին խրախուսելու և մոտիվացնելու օրինական գործիքակազմի մի բաղադրիչն է. «Եթե մի բանի անունը դնում ենք պարգևավճար, պետք է տարբերակված մոտեցում լինի: Այլ հարց է՝ այդ մոտեցումը որ չափանիշներով և ում կողմից է համարվում արդարացի կամ օբյեկտիվ:

Քանի որ սա առաջին անգամն էր, մոտեցումն այն էր, որ յուրաքանչյուր բաժնի ղեկավար, քանի որ իր աշխատակիցներին ավելի լավ է ճանաչում, քան ես, առաջարկել եմ, որ իրենք դասակարգեն լավագույններին, լավերին ու նորմալ աշխատակիցներին: Ես գիտեմ, որ ամենահեշտ տարբերակը բոլորին 100 տոկոսի չափով պարգևավճար տալը կլիներ, բայց տվյալ դեպքում պարգևավճար չի լինի, այլ կլիներ հավելյալ ֆինանսական միջոց, որը հատկացրել է Երևանի քաղաքապետարանը»,-նկատեց նա:

Վարչական շրջանի ղեկավարն ասաց նաև, որ նախորդ օրը հանդիպել է աշխատակիցների հետ, բացատրել իր մոտեցումն ու առաջարկել՝ եթե համաձայն չեն, կարող են օգնել միասին մտածել տարբերակ, որն ավելի լայն շրջանակի աշխատակիցների համար կլինի ընդունելի. «Հատկացված գումարի այն մասը, որը հիմա չենք բաշխում, մայիսին կարող ենք պարգևավճարի այս սանդղակով հավելյալ բաշխել»:

Ինչ վերաբերում է աշխատակիցների՝ իր հրաժարականի պահանջին, համայնքի ղեկավարն ասաց, որ դրան չի հավատում: