Արգիշտի Քյարամյանը հերքում է, որ ՊՎԾ գործերի կառավարչին առաջարկել է ազատման դիմում գրել
Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե ՊՎԾ գործերի կառավարչին՝ Հովիկ Հարությունյանին առաջարկել է դիմում գրել և հեռանալ աշխատանքից:
Արգիշտի Քյարամյանը նախ նշեց, որ նման դիմում դեռևս չի ստացել, իսկ ճշտող հարցին՝ նա Հարությունյանին կանչե՞լ է իր մոտ և առաջարկել դիմում գրել, վերջինս պատասխանեց. «Նման բան չկա, բնականաբար, ոչ»:
Նշենք, որ Factor.am-ին Հովիկ Հարությունյանը հայտնել է, որ Քյարամյանն իրեն կանչել է և ասել, որ ազատման դիմում գրի: «Ուզում է իր թիմը ձևավորի, մտածում է երևի իր համար ավելի վստահելի մարդու հետ աշխատի»,- ասել է Հարությունյանը: Նա նաև նշել է, թե լուրեր են պտտվում, որ այլ մարդկանց ևս պետք է աշխատանքից ազատի:
Tert.am–ը փորձեց կապ հաստատել Հովիկ Հարությունյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր։










