ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է 9 թեկնածու, նրանց թվում է Վահե Գրիգորյանը
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այսօր ստացվել է 9 հայտ։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Առաջադրվել է 9 թեկնածու, որոնցից 6-ը համաձայնել են, որ իրենց անունները հրապարակվեն։ Այդ թեկնածուներն են՝ Կարեն Կարապետյանը, Գևորգ Մուրադյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Վաղարշյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը և Արմեն Ներսիսյանը»,-ասաց նա։
Նշենք, որ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է այսօր` ժ. 18:00-ին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն 24 կողմ, 47 դեմ ձայներով չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։ Ապա նախագահը ստորագրել էր ՍԴ դատավորի նոր ընտրության մասին նոր կարգադրություն:
«Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մինչև ս. թ. մայիսի 3-ը՝ ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով կարող են ներկայացնել Սահմանադրության 165-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող փաստաթղթերը»,-ասված էր նախագահի որոշման մեջ։










