«Այս նախաձեռնությունը չի նպաստի միջուկային ապազինմանը». Ռուսաստանը դեմ է հանդես եկել միջուկային զենքի արգելքի մասին օրենքին
Ռուսաստանը դեմ է հանդես եկել միջուկային զենքի արգելքի մասին օրենքին, գրում է РИА Новости-ն՝ ՌԴ արտգործնախարարության հաղորդմանը հղումով:
Նախարարության հաղորդման մեջ մեջբերվում է 2020թ.-ին Նյու Յորքում վեհաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին ռուսական պատվիրակության ելույթից մի հատված: «Այս նախաձեռնությունը չի նպաստի միջուկային ապազինմանը: Եկել է միջուկային զենքի գործընթացին բազմակողմ բնույթ հաղորդելու ժամանակը, ընդ որում՝ Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկին որևէ բան ստիպել: Մենք անհրաժեշտ ենք համարում տվյալ հարցում կոնսենսուսի հիման վրա գործել՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- ասվում է մեջբերման մեջ:
Նշվում է նաև, որ միջուկային զենքի կրճատման և սահմանափակման գործընթացը պետք է փուլային լինի և հիմնվի հավասար անվտանգության սկզբունքի վրա, ինչպես նաև պետք է հաշվի առնել այն նախապայմանները, որոնք կօգնեն իրականացնել գլխավոր նպատակը՝ ազատել աշխարհը միջուկային զենքից:
Ռուսական պատվիրակության ներկայացուցիչների խոսքով՝ միջուկային ապազինմանը խանգարում է այն փաստը, որ Եվրոպայում շարունակում է պահպանվել ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային զենքը: Բացի այդ, ՆԱՏՕ-ի շրջանակներում շարունակվում են «համատեղ միջուկային առաքելությունները», որոնք ենթադրում են ռազմական «ոչ միջուկային» երկրների պատրաստումը ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառմանը:
Հիշեցնենք, որ միջուկային զենքի արգելքի մասին համաձայնագիրն ընդունվել էր ՄԱԿ-ի կողմից 2017թ.-ի հունիսին, իսկ նույն թվականի սեպտեմբերից այն բաց է ստորագրման համար: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ դրա տակ կստորագրի առնվազն 50 պետություն:










