Ռուսական «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի գլխավոր խմբագրին հոսպիտալացրել են սրտի կաթվածով

23:43 • 03.05.19

ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» նախագծի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պոդյապոլսկին հոսպիտալացվել է սրտի կաթվածով: РИА Новости-ի փոխանցմամբ` նրան տեղափոխել են Մոսկվայի հիվանդանցներից մեկը, ինչի մասին իր ինստագրամյան էջում հայտնել է վերջինիս կինը` Ալյոնա Բորոդինան:

«Դա այնքան ահավոր է: Կաթվածը 4 տարի առաջ խլել էր հորս կյանքը, իսկ երեկ Սաշան: Նա վերակենդանացման բաժանմունքում է`բժիշկների մշտական վերահսկողության տակ և առաջին անգամ առանց բջջային հեռախոսների, որոնք նա երբեք չէր անջատում»,- գրել է Ալյոնան:

Նա ենթադրում է, որ ամուսնու կաթվածը պայմանավորված էր ուժեղ սթրեսով: «Աշխարհում և ոչ մի աշխատանք արժանի չէ ձեր կյանքին», - գրել է Ալյոնան:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ բուռն քննարկումներ էին ծավալվում երաժշտական հեռուստանախագծի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքների  շուրջ, որոնց համաձայն հաղթանակ է տարել Ալսուի դուստրը` 10-ամյա Միկելա Աբրամովան: Աղջկա հաղթանակը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել համացանցի օգտատերերի շրջանում, որոնցից շատերին դուր չէր եկել նրա ելույթը:

Առաջին ալիքը խոստացել է ստուգել քվեարկության արդյունքները: Այժմ հետաքննություն է անցկացնում կիբեռանվտանգության ոլորտի ընկերություններից մեկը: