Ավելի քան 100 000 ճապոնացի է հավաքվել կայսերական պալատի մոտ՝ նոր կայսր Նարուհիտոյին ողջունելու համար (տեսանյութ)

14:01 • 04.05.19

Ավելի քան 100 000 ճապոնացի է հավաքվել կայսերական պալատի մոտ՝ նոր կայսր Նարուհիտոյին ողջունելու և նրա ելույթը լսելու համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը՝ պալատի մոտ հսկողություն իրականացնող ոստիկաններին հղումով:

Ոստիկանությունն անվտանգության ապահովման համար ուժեղացված միջոցառումներ է ձեռնարկել:

«Ավելի քան 100 000 մարդ հաստատ եկել է, սակայն հստակ թիվ մենք դեռ չունենք»,- ասել է ոստիկանը:

Երկու օր առաջ Կայսերական պալատի վարչությունը հայտնել էր, որ կայսրը շաբաթ օրը հանրության առաջ ելույթով հանդես կգա: Հրապարակելով տեղեկությունը՝ վարչությունը խնդրել էր մարդկանց հերթ չկանգնել գիշերվանից:

Սակայն ոստիկանը նշել է, որ մարդիկ ոչ թե գիշերվանից, այլ նախորդ օրվանից են եկել գիշերելու պալատի բակում՝ մինչ կայսերը ողջունելը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, շաբաթ առավոտյան Ճապոնիայի նոր կայսր Նարուhիտոն գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել ճապոնացիների առջև:

«Ես խորապես շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների համար, աղոթում եմ, որ առողջ և երջանիկ լինեք: Աղոթում եմ նաև, որ մեր երկիրն այլ երկրների հետ միասին շարունակի խաղաղության ձգտել և հասնել ավելի մեծ բարգավաճման»,- ասել է կայսրը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Տոկիոյի կայսերական պալատում կայացել է երկրի նոր կայսր Նարուհիտոյի գահակալության արարողությունը: Նա 59 տարեկան է, Ճապոնիայի առաջին կայսրն է, որը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Նարուհիտոյի հայրը՝ կայսր Ակիհիտոն, գահը թողել է ապրիլի 30-ին: Գահից վաղաժամ հեռանալու մասին նա հայտնել էր դեռևս 2016 թվականին: Ճապոնիայի խորհրդարանը հատուկ օրենք էր ընդունել, որը թույլ կտար նրան թոշակի անցնել: