Ֆլորիդայում 143 մարդ տեղափոխող Boeing 737-ը, դուրս գալով թռիչքուղուց, հայտնվել է գետում (լուսանկարներ)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 143 մարդ տեղափոխող Boeing 737 օդանավը, վայրէջք կատարելիս դուրս գալով թռիչքուղուց, հայտնվել է գետում: Բարեբախտաբար, զոհեր չկան: Այդ մասին հայտարարել է Ջեքսոնվիլի շերիֆը:
Տեղական WJXT հեռուստաալիքը հրապարակել է լուսանկար, որում երևում է, որ մարդիկ փրկարարական բաճկոններով տեղավորվել են օդանավի թևին, իսկ ջրում՝ օդանավի մոտ, փչովի փրկարարական նավակ կա:
Ավելի ուշ շերիֆի գրասենյակից հայտնել են 21 մարդու հոսպիտալացման մասին:
«Բոլորը լավ վիճակում են, լուրջ վնասվածքներ չկան»,- հայտնել են գրասենյակից:
Հաղորդվում է, որ օդանավում եղել է 143 մարդ՝ 136 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը:
Օդանավը մեկնել էր Կուբայից: Այն Կուբայում գտնվող Գուանտանամո բանտի զինվորականներին, նրանց ընտանիքներին և այլ այցելուների տեղափոխում է Ֆլորիդա և հակառակը:













