Թաիլանդում թագադրել են Ռամա Х-ին (լուսանկարներ)
Թաիլանդի թագավոր Մահա Վատչիրալոնգկոնը (Ռամա Х) պաշտոնապես թագադրվել է, գրում է bbc.com-ը:
Տեղական ժամանակով ժամը 12:00-ին (երևանյան ժամանակով ժամը 09.00-ին) թագավորն իր գլխին է դրել Չակրի դինաստիայի թագը, որի 10-րդ թագավորն է հանդիսանում: Դրանից հետո ավագ բրահմանը՝ հինդուիստական հոգևորականը, հայտարարել է թագավորի ամբողջական անունն ու տիտղոսները:
Թագադրումից հետո արարողության ժամանակ ընթերցվել է միապետի կնոջը՝ թագուհի Սութհիդա Վատչիրալոնգկոնին Թաիլանդի թագադրված թագուհու կարգավիճակի շնորհման մասին թագավորական հրամանագիրը:
Օրեր առաջ Թաիլանդի թագավոր Ռամա Х-ը հայտարարել էր, որ ամուսնացել է իր սիրելիի՝ գեներալ Սութհիդա Վատչիրալկոնգկոնի հետ: 40-ամյա Սութհիդան թագավորի անձնական պահակախմբի ղեկավարն էր: Նախկինում նա աշխատել է որպես բորտուղեկցորդուհի Thai Airways ավիաընկերությունում, որից հետո նշանակվել է թագաժառանգ արքայազնի ընտանիքի պահակախմբի պետ:
Նշենք, որ Ռամա Х-ը գահը ժառանգել է 2016 թվականին, երբ մահացավ նրա հայրը՝ Պհումիպոն Ադուլյադեթը, որը թագավորել է 1946 թ.-ի հունիսի 9-ից։











