Բութեֆլիկայի հրաժարականից հետո Ալժիրում կրկին զանգվածային ցույցեր են ընթանում
Ալժիրի մայրաքաղաքում և մի շարք այլ խոշոր քաղաքներում կրկին զանգվածային ցույցեր են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են գործող քաղաքական վերնախավի հրաժարականը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների անցկացում, կոռուպցիայի դեմ պայքար և ժողովրդի կենսամակարդակի բարձրացում:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, ալժիրցիները պահանջում են երկրի ժամանակավոր նախագահ Աբդելքադեր Բենսալեհի, վարչապետ Նուրեդին Բեդուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ցույցերն ընթանում են Ալժիրի տասնյակ քաղաքներում: Ակցիայի կարգախոսն է՝ «Բենսալեհ, հեռացիր, Բեդուի գնա»:
Նշվում է, որ ցույցերի մասնակիցների գործողություններին հետևում են բազմաթիվ ոստիկանության և հատուկ ստորաբաժանումների ծառայողները: Մինչ այս պահը որևէ բախում ցուցարարների և իրավապահների միջև տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ Ալժիրում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են այս տարվա փետրվարի վերջից: Ալժիրցիները դեմ էին նախկին նախագահ Աբդուլազիզ Բութեֆլիկայի առաջադրման 5-րդ ժամկետին: Ապրիլի 2-ին Բութեֆլիկան հրաժարական տվեց, որից հետո քաղաքացիները պահանջում են ռեժիմի մյուս անդամների անհապաղ հրաժարականը: Ալժիրում հուլիսի 4-ին կկայանան նախագահական ընտրություններ: Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները և ալժիրցի գործիչներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ ընտրություններին:










