Ավտովթար՝ Թալինի մոտ. վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա Toyota-ով բախվել է արգելապատնեշին. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 59-ամյա Սերգեյ Յազջյանը իր վարած Toyota մակնիշի 24 ՏԼ 720 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել քարերի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Յազջյանն ու նրա ուղևոր՝ 57-ամյա Ամալյա Յազջյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։
Վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենան վարելու ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել։










