Ճապոնիայի նոր կայսրն առաջին անգամ ուղերձ է հղել հանրությանը

06:26 • 04.05.19

Ճապոնիայի նոր կայսր Նարուhիտոն գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել ճապոնացիների առջև, հաղորդում է Коммерсант-ը:

«Ես խորապես շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների համար, աղոթում եմ, որ առողջ և երջանիկ լինեք: Աղոթում եմ նաև, որ մեր երկիրն այլ երկրների հետ միասին շարունակի խաղաղության ձգտել և հասնել ավելի մեծ բարգավաճման»,- ասել է կայսրը:

Նարուհիտոն հանրության առջև է ներկայացել թագաժառանգ Ակիշինոյի և կայսերական ընտանիքի այլ անդամների ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Տոկիոյի կայսերական պալատում կայացել է երկրի նոր կայսր Նարուհիտոյի գահակալության արարողությունը: Նա 59 տարեկան է, Ճապոնիայի առաջին կայսրն է, որը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Նարուհիտոյի հայրը՝ կայսր Ակիհիտոն, գահը թողել է ապրիլի 30-ին: Գահից վաղաժամ հեռանալու մասին նա հայտնել էր դեռևս 2016 թվականին: Ճապոնիայի խորհրդարանը հատուկ օրենք էր ընդունել, որը թույլ կտա նրան թոշակի անցնել: