«Դեղին բաճկոնները» պատրաստվում են անցկացնել բողոքի 25-րդ ակցիան

05:09 • 04.05.19

«Դեղին բաճկոններ» շարժման անդամներն այս շաբաթ կրկին պատրաստվում են իրենց համակիրներին դուրս բերել ֆրանսիական քաղաքների փողոցներ: Շաբաթօրյա արդեն ավանդական դարձած ցույցերն այս անգամ հաջորդելու են մայիսի 1-ին կազմակերպված երթին:

Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով սոցցանցերում տարածված հաղորդումներին, բողոքի 25-րդ շաբաթը կիրականացվեն նոր գործողություններ Փարիզում, Լիոնում, Մոնպելյեում, Թուլուզում և Ֆրանսիայի մի քանի այլ քաղաքներում:

Ֆրանսիայի ոստիկանությունը ակցիայի նախօրեին կրկին արգելել է ցուցարարներին մոտենալ մայրաքաղաքի պատմական կենտրոնին:

Նշվում է, որ «դեղին բաճկոնները» ստիպված են լինելու ակցիաները կրկին իրականացնել Ելիսեյան դաշտերից, Ազգային ժողովից հեռու: Ցուցարարները չեն կարող հավաքվել նաև նախորդ ամիս այրված Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ: