Ամենայն Հայոց կաթողիկոսը Հունաստանում ներկա է գտնվել Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված համերգին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 4-ին հովվապետական այցով ժամանել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության և երկրպագության համար Կրետե է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորել են Կրետեի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների պատասխանատուներ, ինչպես նաև այս առիթով Կրետե ժամանած հայ եկեղեցականներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնավորապես ողջունելու էին եկել Հույն Ուղղափառ Եկեղեցու Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը, Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը: Նորին Սրբությանն օդանավի մոտ դիմավորել են նաև Կ. Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը, Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանը, Հունահայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Մերուժան Հարթենյանը, Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդին և գանձապահ Սանտի Ավետիսյանը:
Բարիգալստյան խոսքերից և Հայոց Հովվապետի ու Իրենեոս Արքեպիսկոպոսի եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակությունը մեկնել է Հերակլիոն:
Նույն օրը երեկոյան Հերակլիոնի «Աստորիա» թատրոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված համերգին, որին Կրետեի հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին նաև բազում հույներ, տոնախմբության առիթով Աթենքից, Պոլսից և Մոսկվայից ժամանած ուխտավորներ:
Հանդիսությունը բացվել է Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդիի խոսքով: Այնուհետև պաշտոնական խոսքով հանդես են եկել Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը և Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը` պատմական նկատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե: ԱԳ փոխնախարարը Վեհափառ Հայրապետին փոխանցել է Հունաստանի վարչապետի և Արտաքին գործերի նախարարի ողջույնները, ինչպես նաև Աթենք այցելելու` Հունաստանի վարչապետի պաշտոնական հրավերը: Իր խոսքում նա անդրադարձ է կատարել նաև հայ ժողովրդի համար ապրիլ 24-ի խորհրդին:
Հայոց Հայրապետի այցի առիթով ուրախություն են արտահայտել նաև Կրետեի նահանգապետարանի և Հերակլիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչները` իրենց զորակցությունը հայտնելով Կրետեի հայությանն իր բոլոր համայնքային նախաձեռնություններում:
Երեկույթի մշակութային հայտագրին իրենց մասնակցությունն են բերել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի հայորդյաց տան «Հայասա» պարախումբը և Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև Կրետեի պարային համույթներ:
Համերգն ամփոփվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնեց Սուրբ Հովհաննու Կարապետի եկեղեցու 350-ամյակի առիթով Կրետե կատարելիք առաջին հովվապետական այցի առնչությամբ` նշելով, որ հայրենիքից և աշխարհի տարբեր երկրներից հայորդիներ եկել են հավելելու Կրետեի հայության ուրախությունը այս պատմական իրադարձության կապակցությամբ:
Վեհափառ Հայրապետը գնահատանքով է արձանագրել, որ Կրետեի հայ համայնքը, հակառակ փոքրաթիվ լինելուն, շարունակում է արթուն և աշխույժ պահել իր հավատքը` հավատարմությունը պահպանելով իրենց հայրերի սրբազան ավանդների ու ժառանգության նկատմամբ:
Գոհունակությամբ անդրադառնալով Կրետեի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների կողմից ցուցաբերված ջերմ հյուրաընկալությանը` Նորին Սրբությունը ընդգծել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ավելին` երկու հավատակից ժողովուրդները դարեր շարունակ կողք կողքի են ապրել, արարել ու հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին ընկած փորձություններն ու տառապանքները, վերապրել նաև ցեղասպանությունը` հանուն հավատքի հեղելով իրենց արյունը, նահատակվելով հանուն Քրիստոսի: Հայոց Հովվապետի խոսքով՝ հեղված այդ արյունը առավել ևս զորացրել է մեր ժողովուրդների բարեկամությունը: Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ երկու ազգերի և պետությունների միջև այդ բարեկամությունը այսօր էլ շարունակում է զորանալ և բարի արդյունք պարգևել` մաղթելով, որ այս նվիրական հողի վրա հայ ժողովրդի զավակները շարունակեն իրենց օրհնյալ կյանքը և մշտապես զորեղացնեն ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը:
Տոնական օրեր և գեղեցիկ հոգևոր ապրումներ պարգևելու համար Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել այցի կազմակերպիչ Եզնիկ արքեպիսկոպոսին, Խորեն վարդապետին և եկեղեցական վարչության անդամներին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է փոխանցել Հունաստանի կառավարությանը և Կրետեի նահանգային ու քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ իրենց ազնիվ հոգատարության, ինչպես նաև հոբելյանական այս տոնախմբությանը բերած նշանակալի նպաստի համար:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն է բարձրացրել Կրետեի և նրա հավատավոր ժողովրդի համար` հայցելով Երկնավորի Սուրբ Աջի հովանին նրա խաղաղ, բարօր ու առաջընթաց կյանքի համար: Հայոց Հայրապետը մաղլ էց, որ Աստված պայծառ ու արգասավոր պահի երկու ժողովուրդների հավատքը:










