Չինաստանում բնակելի շենքի հրդեհի հետւանքով 5 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ. լրատվամիջոցներ

11:34 • 05.05.19

Չինաստանի Գուանդուն շրջանում բնակելի շենքի հրդենի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 27-ը տուժել են, հաղորդում է РИА Новости-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:

Հրդեհը տեղի է ունեցել Գուանսի մանկավարժական համալսարանի մասնաշենքերից մեկի մոտ գտնվող վեցհարկանի շենքում: Հաղորդվում է, որ շենքի վերջին 3 հարկը վարձով է տրվել: Դրանցում հիմնականում ուսանողներ են բնակվել:

Լրատվամիջոցների տվյալներով՝  վաղ առավոտյան շենքի առաջին հարկի աստիճանավանդակի վրա էլեկտրական սկուտեր է այրվել, ինչի հետևանքով շուրջ 10 բնակիչ արգելափակվել է շենքի ներսում: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է տարհանել նրանց, սակայն մինչ փրկարարական աշխատանքների ավարտը 5 մարդ արդեն զոհված է եղել:

Հաղորդվում է նաև, որ 27 մարդ տեղի հիվանդանոց է տեղափոխվել, ընդ որում՝ նրանցից 6-ը ծանր այրվածքներ են ստացել: