Հնդկաստանում մոլեգնող «Ֆանի» ցիկլոնի հետևանքով 16 մարդ է մահացել

00:01 • 05.05.19

Հնդկաստանում մոլեգնող «Ֆանի» հզոր ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը Օդիշա (նախկինում՝ Օրիսսա) նահանգում հասել է 16-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին:

Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, Հնդկաստանի կառավարությունն արդեն սկսել է փոթորկի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները: Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նահանգի 10 000 գյուղերում և 52 քաղաքային ավաններում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իշխանությունները ավելի քան 1 մլն մարդու են տարհանել մոտեցող ցիկլոնի պատճառով, որն ափամերձ նահանգին հարվածել է ուրբաթ: Տարհանվածներին տեղավորել են ժամանակավոր կացարաններում:  

Նշվում է, որ ցիկլոնն Հնդկաստանում վերջին 20 տարում ուժեղագույնն է:  Այն ուղեկցվում է հորդառատ անձրևներով և 200 կմ/ժամ արագությամբ մոլեգնող քամով: