Իսրայելը պաղեստինցի զինյալների հարվածներին ի պատասխան մեկ օրում օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող 200 թիրախի

12:06 • 05.05.19

Պաղեստինցի զինյալները Իսրայելի ուղղությամբ 430 հրթիռ և ական են արձակել, ինչին ի պատասխան Իրսայելը դիմակայության ներկայիս փուլում գրեթե մեկ օրվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածում գտնվող 200 թիրախների, հաղորդում է РИА Новости-ն՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը հղումով:

«Իսրայելի պաշտպանության բանակը մեկ գիշերվա ընթացքում 60 ահաբեկչական թիրախների է հարվածել, իսկ իրադարձությունների սկզբից ի վեր մոտ 200 հարված է հասցրել: Գազայի հատվածի ուղղությամբ օդային հարվածները շարունակվում են»,- ասված է հաղորդման մեջ:

Փոխադարձ հարվածները, որոնք խախտել են ավելի քան մեկ ամիս տևած զինադադարը, 1 իսրայելցու և 6 պաղեստինցու մահվան պատճառ են դարձել և կարող են սպառնալ «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման անվտանգությանը:

Նշենք, որ դիմակայության սկզբից ի վեր պաղեստինյան կողմից արձակված 430 հրթիռից և ականից ավելի քան 100-ը կասեցվել են Իսրայելի «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:

Հարվածների թիրախում է հայտնվել Իսրայելի հարավը՝ ներառյալ Բեեր Շեվա, Աշդոդ և Աշկելոն քաղաքները:

Հիշեցնենք, որ այս գիշեր Աշկելոն քաղաքի ուղղությամբ արձակված հրթիռից 60-ամյա տղամարդ էր զոհվել, մինչդեռ Գազայի հատվածում օդային հարվածքների հետևանքով արդեն 6 մարդ է զոհվել՝ ներառյալ երեխա և նրա հղի մայրը: