Նեթանյահուն հրամայել է իսրայելական բանակին «զանգվածաբար գրոհել» Գազայի հատվածի զինյալների նկատմամբ (լուսանկարներ)

15:04 • 05.05.19

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ բանակին Գազայի հատվածից հրթիռակոծումը չդադարեցնող պաղեստինցի զինյալների նկատմամբ «զանգվածաբար գրոհելու» հրաման է տվել, գրում է Times of Israel պարբերականը:

«Այսօր առավոտյան ես Իրսայելի պաշտպանության բանակին Գազայի հատվածում ահաբեկչական տարրերի նկատմամբ զանգվածաբար հարվածներ իրականացնելու հրաման եմ տվել», - ասել է հրեական պետության վարչապետը կաբինետի նիստի ժամանակ:

Նա հավելել է, որ կարգադրել է հզորացնել անկլավի սահմանին տեղակայված զորքը հավելյան բրոնետեխնիկայով, հրետանիով և հետևազորով:

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտարարել էին երկրի հարավային սահման զրահատանկային ջոկատ ուղարկելու մասին, որն անհրաժեշտության դեպքում կմասնակցի հարձակողական գործողություններին:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ տեղյակ չէ՝ արդյոք հրադադարի շուրջ բանակցություններ են վարվում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա մեջ Գազայի հատվածից Իրսայելի ուղղությամբ 430 հրթիռ և ական է արձակվել, որի հետևանով զոհվել է Իսրայելի մեկ քաղաքացի, երկուսը վիրավորվել են, ընդ որում՝ վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում:

Հարվածներին ի պատասխան՝ Իսրայելն ավելի քան 200 օդային հարված էր հասցրել պաղեստինյան զինյալների թիրախներին: Հարվածների հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, 6-9 պաղեստինցի է զոհվել: