Պատգամավորը պնդում է՝ ԱԱՀ-ի շեմը 58-ից 115 մլն-ի բարձրացնելը կխախտի որոշ տնտեսվարողների իրավունքները, փոխնախարարը հակադարձում՝ փոքր շրջանակի խնդիր չեն լուծելու
Խորհրդարանում շարունակվում է քննարկվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող էկոնոմիկայի փոխնախարար Արման Պողոսյանին ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, թե ողջունելի է այն, որ բարձրացնում են ԱԱՀ-ի վճարման շեմը մինչև 115 մլն դրամը, բայց ըստ պատգամավորի՝ կա տեխնիկական խնդիր:
Պատգամավորը նշեց, որ կան տնտեսվարողներ, որ այս տարվա կեսին գերազանցում են 58 մլն եկամտի շեմը, հասցնում են, օրինակ՝ 60 մլն-ի, սակայն ընկնում են դարձյալ ԱԱՀ-ի տակ: «Ստացվում է, որ նրանք ունեն 115 մլն-ից պակաս շրջանառություն, բայց շարունակում են ԱԱՀ վճարել այս փոփոխություններով: Ո՞րն է խնդրի լուծումը»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը նշեց, որ նախագիծն ունի անցումային դրույթներ, որոնք էլ սահմանում են, որ եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ որևէ մեկը չի հաղթահարել 58 մլնի շեմը և, ըստ այդմ՝ չի համարվել ԱԱՀ վճարող, նրա համար ինքնըստինքյան շեմը դառնում է 115 մլն: Ուստի կարող է մինչև տարեվերջ հանգիստ աշխատել՝ չգերազանցելով այս շեմը:
Փոխնախարարը հստակեցրեց, որ այո, նրանք, ովքեր մինչև օրենքի ուժի մտնելը հատել են 58 մլն-ի շեմը և դարձել են ԱԱՀ վճարողներ, ապա օրենքը թույլ չի տալիս նրանց վերականգնել շրջանառության մեջ հարկ վճարողների համակարգում: Փոխնախարար Պողոսյանն ասաց, որ երկու հիմնավորում ունեն այս մասով:
«Նախ՝ խոսքը բացառիկ դեպքերի մասին է, նախագծի քննարկումների ընթացքում չենք ունեցել տնտեսվարող սուբյեկտ, որն այդ շեմը հատել է: Հավանաբար, խոսում եք վերջին օրերին տնտեսվարող սուբյեկտին, որը հատել է: Եթե որևէ մեկը հատում է շեմը, պետք է համապատասխան հայտարարություն ներկայացնի հարկային մարմին, բայց ներկայացնող չի եղել: Մինչև չներկայացնեն, չենք իմանա այդ մասին»,- ասաց փոխնախարարը և հավելեց.
«Հիմնական պատճառը, որ մեզ ստիպում է չգնալ նրանց շրջանառության հարկի կարգավիճակում վերականգնելու ճանապարհով, այն է, որ եթե որևէ մեկը հատում է 58,35 մլն դրամի սահմանագիծը և, ըստ այդմ, համարվում է ԱԱՀ վճարող, նա ապրանքներ վաճառելուց, մեկ այլ կողմին տալիս է ԱԱՀ դրույքաչափի և գումարի նշումով հարկային փաստաթղթեր, այդ կողմը հնարավորություն է ստանում դրանով կատարել ԱԱՀ-ի նվազեցումներ: Ուստի, եթե մենք վերադառնում, ասում ենք՝ ոչինչ, որ Դուք հատել էիք 58-ի սահմանագիծը, Դուք վերականգնվում եք շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում, մենք խնդիրներ ենք ստեղծում նրա հետ գործարքի մտած դիմացի կողմերի համար»:
Արման Պողոսյանի կարծիքով՝ ըստ այդմ ստացվում է, որ լուծելով փոքր շրջանակի խնդիր, մեծ շրջանակի համար խնդիրներ կստեղծվի, ուստի՝ առաջարկեց ձեռնպահ մնալ փոփոխությունից:
Տարոն Սիմոնյանն ասաց, որ առնվազն երկու տնտեսվարող սուբյեկտի գիտի, որոնք հատել են այդ շեմը և շատ քիչ հավական է, որ նրանք 115 մլնի շեմին կմոտենան անգամ:
«Անձանց իրավունքների հետ կապված խնդիր է առաջանալու: Խոսքը տնտեսվարող սուբյեկտների իրավունքի խախտման մասին է, եթե մենք որոշակի խտրական վերաբերմունք ցույց տանք, ապա արդյունքում հաջորդ տարվա ընթացքում կտեսնենք, որ վարչական դատարանում բազմաթիվ գործեր կլինեն, և կառավարությունը կպարտվի, և անբարենպաստ հետևանքներ կառաջանան կառավարության համար»,- ասաց պատգամավորը և պնդեց, որ ավելի տրամաբանական է զբաղվել այդ խնդիրներով, քան որոշակի անձանց իրավունքների խախտումներն անտեսել:
Փոխնախարարը հակադարձեց. «Ունենք շրջանառության հարկ վճարող 50 հազար ակտիվ տնտեսվարող, այդքանի մեջ երկուսի դեպքով չենք կարող խոսել մասշտաբային դեպքերի մասին: Բացի այդ, եթե գործունեության առաջին 5 ամիսներով տնտեսվարող սուբյեկտը հատել է 58 մլն դրամի սահմանագիծը, դա նշանակում է, որ 7 ամիսներին ևս այդքան կունենա, իսկ 58–ին եթե գումարենք ևս 58, ապա անցնելու է 115-ը»:
Արման Պողոսյանը նաև համաձայն չէր պատգամավորի գնահատականի հետ, թե իրավական խնդիր է առաջանալու: «Ով կհատի 58-ի շեմը, կվճարի ԱԱՀ, կառավարությունը պարզապես մեղմացնող նորմ է կիրառում»,- նշեց փոխնախարարը:
Նշենք, որ փոփոխություններով կառավարությունն առաջարկում է տարեկան մինչև 58.35 մլնի շրջանառություն ունեցող տնտեսվարողները վճարեն շրջանառության հարկ, իսկ ԱԱՀ սկսեն վճարել տարեկան 115 մլն եկամուտ ապահովելուց հետո:










