Դալլաս մեկնող ինքնաթիռը հարբած և անկառավարելի ուղևորի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել այլ քաղաքում (տեսանյութ)

13:20 • 20.06.19

American Airlines ավիաընկերության՝ Փիթսբուրգից Դալլաս մեկնող ինքնաթիռը հարբած և անկառավարելի ուղևորի պատճառով ստիպված է եղել շեղվել թռիչքուղուց, գրում է Daily Mail-ը:

Թռիչքի ժամանակ 32-ամյա Բրենդոն Գանուսը, ականատեսների վկայությամբ, սկսել է անպարկեշտ արտահայտություններ անել և սպառնալ մարդկանց:

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օկլահոմա Սիթիում, որտեղ մի խումբ ոստիկաններ ձերբակալել են նրան: Ինքնաթիռի ուղևորները ծափողջույններով են դիմավորել Գանուսին ձեռնաշղթաններով դուրս տանող ոստիկաններին:

Ձերբակալության ժամանակ անկարգ ուղևորը դիմադրել է, ինչի հետևանքով ընկել և վնասել է ծունկը: Նրան ոստիկանական տեղամաս են տեղափոխել անվասայլակով:

Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ օրերս «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Բարսելոնայից Մոսկվա մեկնող ինքնաթիռը ստիպված էր եղել անկարգ ուղևորի պատճառով շեղվել թռիչքուղուց և արտակարգ վայրէջք կատարել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որտեղ ոստիկանները ձերբակալել էին անկարգ ուղևորին: Նա հայտնվել է ավիաընկերության «սև ցուցակում»: