Ռուսական ավիաընկերության ինքնաթիռն անկարգ ուղևորի պատճառով ստիպված է եղել շեղվել թռիչքուց և վայրէջք կատարել այլ երկրում (տեսանյութ)

23:55 • 17.06.19

Aeroflot ավիաընկերության՝ Բարսելոնայից Մոսկվա մեկնող ինքնաթիռը ստիպված է եղել անկարգ ուղևորի պատճառով շեղվել թռիչքուղուց և արտակարգ վայրէջք կատարել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, գրում է Daily Mail-ը:

Հարբած տղամարդը, որն իրեն ներկայացրել է որպես «Դիման՝ Մոսկվայից», սկսել է ինքնաթիռում ագրեսիվ վարք ցուցաբերել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա բղավում ինքնաթիռի անձնակազմի վրա ռուսերենով, անգլերենով և իսպաներենով:

«Բոլորդ իսկապես կարծում եք, որ ի՞մ պատճառով ենք Վարշավա մեկնում»,- ասում է տղամարդը տեսանյութում:

Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո ոստիկանները ձերբակալել են անկարգ ուղևորին: Նա հայտնվել է ավիաընկերության «սև ցուցակում»: Հավանականություն կա, որ նրա դեմ քրեական գործ կհարուցվի:

Aeroflot ավիաընկերությունը դեպքից հետո կրկին խնդրել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը թռիչքների ժամանակ թույլ տալ ինքնաթիռի անձնակազմին ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ագրեսիվ ուղևորների նկատմամբ, ինչպիսին, օրինակ, պլաստմասսե ձեռնաշղթաների կիրառումն է: