Մարիինյան թատրոնի ղեկավարն Ուրգանտի հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես են հայերն օգնել իրեն երաժշտական կարիերա կառուցել (տեսանյութ)

18:24 • 20.06.19

ՌԴ ժողովրդական արտիստ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, խմբավար Վալերի Գերգիևը Առաջին ալիքով ցուցադրվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ պատմել է, թե ով է իրեն օգնել երաժշտական կարիերա սկսել:

Հայ հարևանի՝ Յուրի Արզումանովի խորհրդով Գերգիևի ծնողներն իրեն երաժշտական դպրոց են ուղարկել, սակայն այնտեղ ապագա խմբավարի մոտ ռիթմի զգացողություն չեն հայտնաբերել: Գերգիևի հայրն այդ մասին պատմել է իր հայ ընկերոջը՝ կոմպոզիտոր Լեոն Դավիդովին, որը զանգահարել է երաժշտական դպրոցի տնօրենին, որը նույնպես, ինչպես պարզվել է, հայ է եղել՝ Հակոբյան ազգանունով:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հաղորդավար Իվան Ուրգանտը նկատել է, որ Գերգիևի պատմության մեջ միանգամից երեք կերպար հայ են եղել:

«Հետագայում ես 27 տարեկանում դարձել եմ Հայաստանի պետական նվագախմբի գլխավոր խմբավարը: Բոլորը կարծում են, որ ես ամբողջովին պատկանում եմ Մարիինյան թատրոնին, և դա այդպես է, սակայն ես 4 տարի որպես խմբավար աշխատել եմ Երևանում: Դա հսկայական կյանքի փորձ էր ինձ համար: Ինչպես ինձ այն ժամանակ ասացին, եթե «100 հայերի ես ղեկավարում», ապա քեզ ոչինչ չի կարող վախեցնել», - պատմել է Գերգիևը:

 

Մարիինյան թատրոնի ղեկավարն Ուրգանտի հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես են հայերն օգնել իրեն երաժշտական կարիերա կառուցել (տեսանյութ)