Գյումրիում մեկնարկել է դասական երաժշտության փառատոն

19:50 • 26.06.19

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցրերի բաժնի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկել է «Արթ Շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնն անցկացվում է  առաջին անգամ՝  դասականը  տարածելու  գաղափարի  շուրջ համախմբելով Գյումրիում գործող բոլոր երաժշտական ու արվեստի  դպրոցների,  ինչպես նաեւ Հայորդաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ կատարողներին ու խմբերին: Միջոցառումը հարթակ է երիտասարդ ու սկսնակ արտիստների համար: Փառատոնին մասնակցում է ավելի քան 200 սկսնակ արվեստագետ:

«Գյումրին նաև  դասական  երաժշտության քաղաք  է ու չէր կարող մշակութային մայրաքաղաքը  չունենալ  դասական երաժշտության փառատոն ու նման փառատոնի բացը կար: «Արթ Շաբաթ»-ը համագործակցության յուրատեսակ ձեւաչափ է, որը նպատակ ունի մի կողմից բացահայտելու դասական արվեստի նոր անուններին ու վերջիններիս տրամադրել ինքնաներկայացման ևս մեկ հարթակ, մյուս կողմից նպաստելու դասական երաժշտության հանրահռչակմանը: Փառատոնը մրցութային չէ: Փառատոնի միակ չափորոշիչը  բարձրորակ դասական երաժշտության հնչեցումն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ մինչ փառատոնի մեկնարկը լսումներ  են եղել բոլոր երաժշտական դպրոցներում, հաշվի է առնվել մասնագետների կարծիքը: «Սա  նաև յուրօրինակ  ստուգատես է երաժշտական ու ուսումնական հաստատությունների համար»,-հավել է պատասխանատուն:

«Արթ Շաբաթ»  փառատոնի շրջանակներում հունիսի 24-ից 30-ը դասական արվեստի սիրահարների մուտքը քաղաքի  դահլիճներ ազատ է:

 

Գյումրիում մեկնարկել է դասական երաժշտության փառատոն