«Չեռնոբիլ» հեռուստասերիալի սցենարիստը հայտնել է դրա ստեղծման հիմնական նպատակը

14:59 • 27.06.19

«Չեռնոբիլ» աղմկահարույց հեռուստասերիալի սցենարի հեղինակ և գործադիր պրոդյուսեր Քրեյգ Մեզինը հայտնել է, թե ինչ նպատակ են ունեցել դրա ստեղծողները նախագծի վրա աշխատելու ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով՝ հեռուստասերիալի հեղինակները ցանկացել են ցույց տալ խորհրդային ժողովրդի հերոսությունն ու արիությունը:

«Ես ուզում էի, որ արևմտյան լսարանը տեսներ Խորհրդային Միության քաղաքացիների հերոսությունը: Մենք դա երբեք չենք տեսնում: Մենք բավականաչափ քննադատություն ենք լսում խորհրդային կառավարության հասցեին, և դա արդարացված է, սակայն մեր նկարահանող խումբն այս տեսանկյունը նույնպես ընդգրկել է սերիալի մեջ»,- ասել է Մեզինը:

Նա ընդգծել է, որ հեռուստասերիալի ստեղծողները ձգտել են խուսափել Արևմուտքում տարածված կարծրատիպերից այն մասին, թե ԽՍՀՄ-ում գրեթե բոլորի կյանքն անցել է «զուգարանի թղթի համար հերթ կանգնելով»:

«Նրանք անհավատալի մարդիկ էին, որոնք աղետի ու վշտի մի քանի հարյուրամյակ են ժառանգել և, չնայած դրան, պատրաստ էին անել այն, ինչ պետք էր միմյանց փրկելու համար: Ես ուզում էի, որ մարդիկ իմանան դա»,- հավելել է սցենարիստը:

1986թ.-ի Չեռնոբիլի ատոմակայանի աղետի մասին պատմող, 5 մասից բաղկացած «Չեռնոբիլ» հեռուստասերիալը կարճ ժամանակում ամենահայտնի հեռուստասերիալներից է դարձել:

 

«Չեռնոբիլ» հեռուստասերիալի սցենարիստը հայտնել է դրա ստեղծման հիմնական նպատակը