Փոլ Մաքքարթնին պատմել է՝ ինչ ազդեցություն է ունեցել իր և Ջոն Լենոնի լուսանկարը՝ արված առաջին կնոջ կողմից
Բրիտանացի հայտնի երաժիշտ, «Բիթլզ» խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին The Guardian պարբերականի հետ զրույցում պատմել է, թե ինչ ազդեցություն են ունեցել իր վրա առաջին կնոջ՝ Լինդա Իսթմանի աշխատանքները:
«Միշտ կատակով ասում էի, որ փչացրել եմ Լինդայի կարիերան: Նա բոլորի համար Փոլի կինը դարձավ, և մարդիկ դադարեցին նրա լուսանկարներին ուշադրություն դարձնել, սակայն աստիճանաբար պարզ դարձավ, թե ինչ են իրենցից ներկայացնում նրա աշխատանքները, և նա ի վերջո ձեռք բերեց իր արժանի հեղինակությունը»,- խոստովանել է երաժիշտը:
Նշենք, որ մինչև 1969թ. Մաքքարթնիի հետ ամուսնանալը Լինդան արդեն լուսանկարչությամբ էր զբաղվում: Նա առաջին կին լուսանկարիչն է եղել, որի լուսանկարը հայտնվել է Rolling Stone ամսագրի շապիկին:
Մաքքարթնին մասնավորապես ուշադրություն է հրավիրել իր և «Բիթլզ»-ի նախկին վոկալիստ Ջոն Լենոնի՝ նախկին կնոջ կողմից Էբբի փողոցում արված լուսանկարին:
«Այդ ժամանակ խումբը դեռ նոր էր լուծարվել: Սա կարծես մեր հարաբերությունների ավարտն էր, և երբ լուծարումն ի վերջո տեղի ունեցավ, դա շատ դառն էր: Սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե իբր ես ու Ջոնը լեզու չէինք գտնում, թե իբր հակառակորդներ էինք դարձել: Տարօրինակ է, բայց երբ մի բան շատ է ասվում, սկսում ես հավատալ դրան, և ես սկսեցի մտածել, թե ինչ ափսոս է, որ մենք այլևս լավ հարաբերությունների մեջ չէինք»,- խոստովանել է 77-ամյա երաժիշտը:
Նա հավելել է, որ տվյալ լուսանկարն իրեն իրականություն է վերադարձնում, քանի որ դրանում արտացոլված է իր և Ջոն Լենոնի միջև եղած իրական կապը: «Ահա թե ինչպիսին էինք մենք, հակառակ դեպքում չէինք կարողանա այդքան երկար համագործակցել: Այս լուսանկարն ամփոփում է, թե ինչպիսին էին մեր հարաբերությունները երգի վրա աշխատելու պահին»,- ասել է նա:
Մաքքարթնին նկատել է, որ լուսանկարում Լենոնը խանդավառությամբ ընկղմված է աշխատանքի մեջ և համաձայնում է իր հետ, իրենք ծիծաղում են ինչ-որ բանի վրա:
«Այս լուսանկարում արտացոլված խինդը տեսնելն իսկապես շատ է օգնել ինձ: Այն հիշեցնում է, որ մեր՝ ընկերներ չլինելու մասին խոսակցություններն աղբ էին, մենք ամբողջ կյանքի ընկերներ էինք և խիստ առանձնահատուկ հարաբերություններ ունեինք»,- նկատել է լիվերպուլյան քառյակի նախկին անդամը:











