Բաց դռների օր՝ «Էրեբունի» ռուսական ավիակայանում. հյուրերը հետևեցին ՄիԳ-29 կործանիչների և բանակային ավիացիայի Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների ցուցադրական թռիչքին (տեսանյութ)

17:08 • 28.06.19

Մերձմոսկվայում այս օրերին անցկացվում է «Բանակ 2019» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսը, որին նվիրված էլ այսօր Երևանի «Էրեբունի» ռուսական ավիակայանը հյուրընկալել էր բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին ծանոթանալ ավիացիոն տեխնիկային և սպառազինության նմուշներին, ինչպես նաև հետևել՝ ինչպես են երկնքում ճախրում ՄիԳ-29 կործանիչներն ու բանակային ավիացիայի Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռները:

Ցուցադրական թռիչքի ընթացքում օդաչուները հնարքներ ցուցադրեցին։

Լրագրողների հետ զրույցում ավիակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովն ասաց՝ բաց դռներ կազմակերպելն արդեն ավանդույթ է դարձել: Նրա խոսքով՝ իրենց ուրախացնում է, որ մարդիկ հաճույքով են գալիս այստեղ:

Պետրովը նաև նշեց, որ ֆորումի նպատակն է նաև տարբեր եղանակային պայմաններում փորձարկել ռազմատեխնիկան. «Չնայած Երևանում գրանցված շոգին, ավիացիոն տեխնիկան իրեն շատ լավ է դրսևորում, թեպետ այստեղ ամենաարդիական ինքնաթիռները չեն: Նրանք լրացուցիչ մշակում են անցել գործարաններում, հասել են չորրորդ սերնդի ինքնաթիռների մակարդակին»:

Միջոցառման ընթացքում եղան նաև պարգևատրումներ: