ԵՊՀ խորհրդի նիստում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու կամ այլ կենտրոնի միացնելու առաջարկները չեն ընդունվել, բավարար ձայներ չի հավաքվել

18:05 • 28.06.19

Այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստը՝ օրակարգային 4 հարցով:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման հարցին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ այս ընթացքում ուսումնասիրել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործառույթները և եզրակացրել, որ այդ գործառույթներով զբաղվող ստորաբաժանումների կենտրոնի անհրաժեշտությունը չկա. առաջարկել է քվեարկության դնել նաև կենտրոնը լուծարելու հարցը: Սակայն կենտրոնը լուծարելու կամ այն Շրջանավարտների և կարիերայի կենտրոնին միացնելու առաջարկները չընդունվեցին բավարար քվե չունենալու պատճառով:

Նշված կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնը կշարունակի գործել բնականոն հունով. «Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում օրակարգում էր եղել նաև Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու հարցը, որի տնօրենն եմ ես, սակայն խորհրդի նիստի ժամանակ բավարար ձայներ չեն հավաքել և կենտրոնը շարունակում է իր բնականոն գործունությունը»:

Նիստի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը որոշեց լուծարել ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով, միջազգային համագործակցության և գիտական քաղաքականության գծով, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորների հաստիքները և փոխարենը ստեղծել Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով, Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով և Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորների հաստիքներ: