Վրաստանում բողոքի ցույցերի 10-րդ օրն Ազատության զանգվածային երթ կանցկացվի

10:26 • 28.06.19

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ծավալվող բողոքի ցույցերի 10-րդ օրն Ազատության զանգվածային երթ կանցկացվի: Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, այս մասին հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիգմելաշվիլին:

Ցուցարարները պատրաստվում են հավաքվել Առաջին Հանրապետության փողոցում, որտեղից երթ կիրականացնեն դեպի Ազատության հրապարակ:

«Շաբաթ կլրանա 10-րդ օրը, ինչ մենք այստեղ կանգնած ենք: Դուրս ենք գալիս տներից, հանրային կառույցներից, ոստիկանությունից, գալիս ենք մարզերից, այսինքն՝ ամբողջ Վրաստանը կմասնակցի: Հանրապետության հրապարակից ամբողջ վրաց հանրությունը կքայլի դեպի ազատություն»,- հայտարարել է Դիգմելաշվիլին:

Հիշեցնենք, որ ցուցարարների հիմնական պահանջը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականն է: Ավելի վաղ նրանք պահանջել էին խորհրդարանի խոսնակի հրաժարականը, ցույցերի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակումը և խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով անցկացում: Նշված պահանջներն արդեն ի կատար են ածվել:

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ի գիշերը, սկզբից մինչև վերջ իմ պատասխանատվությունն է: Այս պատասխանատվությունից ես չեմ փախչում: Ինչպես նաև իմ պատասխանատվությունն է այն ամենը, ինչ մեր հանրությունում կատարվում է, երբ ժողովրդական դատարաններ ենք սարքում, դատում որոշ մարդկանց, այդ թվում ոստիկաններին»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Գախարիան:

Գախարիայի խոսքով, եթե միջադեպի ընթացքում եղել են համակարգային խախտումներ, նա պատրաստ է պատասխան կրել, սակայն թույլ չի տալու, որ իրավական պետության և ինստիտուտների փլուզում տեղի ունենա:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերը սկսվել էին հունիսի 20-ի երեկոյան՝ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո: