Գերազանցվում են օդերևութաբանության պատմության մեջ գրանցված ջերմաստիճանային ռեկորդները
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը տեղեկացրել է, որ 2019 թվականը կդառնա ամենաշոգ տարիներից մեկը, իսկ 2015-2019 թվականների միջև ընկած հինգամյա ժամանակահատվածը կարող է դառնալ ամենաշոգը:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, մասնագետների կարծիքով՝ այս հինգ տարում կգերազանցվեն օդի միջին ջերմաստիճանի ռեկորդները դիտարկման ողջ պատմության ընթացքում:
Կազմակերպության մամուլի քարտուղարի խոսքով՝ դեռ վաղ է ասել, որ Եվրոպայում անոմալ շոգն անմիջականորեն կապված է կլիմայի փոփոխության հետ, սակայն գլոբալ տաքացման պատճառով ջերմության ալիքները, որոնց պարագայում օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի, ավելի հաճախակի և շարունակական կդառնան:
2019-ի անոմալ շոգի պատճառ է հանդիսանում Գրենլանդիայի մոտակայքում և հյուսիսկենտրոնական Եվրոպայում տեղակայված բարձր ճնշման երկու շրջաններից կազմված համակարգը: Դրանք արգելափակում են հարավային ցիկլոնը, որը կարող էր զովացնել օդը:
Գիտնականները մտավախություն ունեն, որ բարձր ջերմաստիճանը կդառնա հարյուրավոր և հազարավոր մարդկանց մահվան պատճառ:










