Առաջարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվառված ԶԼՄ-ներին անվճար տեղեկատվություն տրամադրել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից. նախագիծ

11:04 • 29.06.19

Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակվել է «Զանգվածային լրատվության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ինչպես նաև  ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Սույն փոփոխություններով նախատեսվում է զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն տրամադրել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:

Այսինքն՝ փոփոխություններով նախատեսվում է ապահովել օրենքով սահմանված կարգով հաշվառված զանգվածային լրատվության միջոցներին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրումն առանց պետական տուրք վճարելու:

Փոփոխություններով առաջարկվում է ԶԼՄ հաշվառելու դեպքում համապատասխան անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին վերաբերող գրանցման մեջ գրառվի նաև զանգվածային լրատվության միջոցի անվանումը և հաշվառման համարը:

Առաջարկվում է հաշվառված ԶԼՄ վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառել լրատվության միջոցի անվանումը և տեսակը, լրատվության միջոցի պետական հաշվառման համարը, պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը տեղեկությունները: